«Որպես վավերագրող ռեժիսոր՝ միշտ մտածել եմ, որ ցեղասպանության թեմային երբեք մոտ չեմ գնալու. Շատ դժվար է քո անձնական ցավից վեր կանգնել և օբյեկտիվ արդյունք ներկայացնել»

Կրթությամբ արվեստաբան Իննա Սահակյանի մուտքը կինոոլորտ բոլորովին էլ պատահական զուգադիպություն չէր: 168.am-ի հետ զրույցում Իննան պատմում է՝ միշտ է սիրել կինոն, պարզապես հայկական չգրված ավանդույթների համաձայն՝ ծնողների հետ ընտանեկան ժողովի արդյունքում որոշվել է՝ ինքը կինոյի ճանապարհով չի գնալու.

«Եթե դրան էլ գումարենք մութ ու ցուրտ տարիները, որտեղ մարդիկ հիմնականում զբաղված էին տարրական կենցաղային խնդիրներ հոգալով, արվեստի և հատկապես՝ կինոյի մասին խոսք գնալ չէր կարող:

Մի կերպ համոզեցի արվեստաբանության վրա կանգ առնելու, որպեսզի ամեն դեպքում արվեստին մոտ լինեմ: Եվ այսքանից հետո հետաքրքիրն այն է, որ որպես օֆիս-մենեջեր մուտք գործելով «Բարս» կինոստուդիա, ես այժմ ընկերության փոխտնօրենը, ռեժիսորն ու հիմնական պրոդյուսերն եմ: Այս պահին էլ «Բարս մեդիայի» հետ արվող երկու միջազգային նախագծերի ռեժիսոր ու պրոդյուսեր եմ»:

– Բախտից և ներքին ցանկություններից հեռու չես փախչի: Կինո մտել եմ պատահաբար, երբ աշխատանք էի փնտրում: Պարզվեց, որ «Բարս մեդիայում» օֆիս մենեջերի թափուր աշխատանք կա: Սկզբում զբաղվում էի թղթաբանությամբ, հեռախոսազանգերին պատասխանելով և թարգմանություններ անելով, բայց անընդհատ մտքումս ֆիլմի ստեղծման որևէ փուլին միանալու ցանկությունն էր:

Կարդացեք նաև

Տնօրենին՝ Վարդան Հովհաննիսյանին, անընդհատ խնդրում էի՝ ինձ որևէ կինոնախագիծ վստահի: Իմիջիայլոց, «Բարս մեդիան» բավական էնտուզիազմով և առաջ գնալու հեռանկարներ ունեցող մարդկանց համար միշտ համապատասխան հնարավորություններ է ստեղծում:

Մոտ մի տարվա օֆիսային աշխատանքից հետո ինձ վստահվեց առաջին փոքրիկ նախագիծը, որը բավական սահուն ընթացք ունեցավ: Թեման հայաստանյան մանկական թրաֆիկինգի մասին էր, և արվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Դրանից հետո, մոտ 3-4 տարի այդպիսի փոքր նախագծերի վրա եմ աշխատել՝ համատեղ տարբեր հ/կ-ների և միջազգային կազմակերպությունների հետ: Դրանք շատ լավ ընդունելության էին արժանանում և՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, և՛ լայն տարածում գտնում ամենատարբեր լրատվամիջոցներով, միգուցե որովհետև լայն և ընդգրկուն հայացք էր նետվում առաջ քաշած՝ երեխաների ներառական կրթության խնդիրներին, որդեգրման սկզբունքներին և այլն:

Մենք մեր գաղափարներով նաև մի շարք գրանտների հեղինակ ենք: Այդպիսի մի նախագիծ էր իմ առաջարկած գաղափարով և ամերիկյան դեսպանատան փոքրիկ դրամաշնորհային ծրագրով արված «Քարերի քաղաքականություն» ֆիլմը, որ պատմում էր գյուղական շրջաններում դեմոկրատիկ խնդիրների մասին, թե ինչպե՞ս են Հայաստանի ամենահեռավոր գյուղերում մարդիկ ընկալում կամ կիրառում դեմոկրատիա հասկացությունը, և թե ինչ պատկերացումներ ունեն նրանք այդ մասին:

Ի՞նչ պարզվեց արդյունքում:

– Ինչպես ֆիլմի վերնագիրն է հուշում, այնտեղ մարդիկ դեմոկրատիային մոտենում են քարերի միջով ու դրանց արանքներով, բայց ուրախալին այն է, որ վերջնական արդյունքում, այնուամենայնիվ, մոտենում են: Պետք է նկատեմ նաև, որ շատ պարզ, գյուղաբնակ մարդկանց շուրթերով հետաքրքիր քաղաքական դատողություններ ունեցանք և գրանցեցինք այդ ֆիլմում:

Ո՞րն է եղել քո առաջին մեծ ֆիլմը:

– Առաջին մեծ ֆիլմը, որ արվեց իմ գաղափարով և մասնակցեց տասնյակ միջազգային կինոփառատոներում ու ցուցադրվեց բազմաթիվ միջազգային և հանրահայտ հեռուստակայաններով, «Հայաստանի վերջին լարախաղացները» ֆիլմն էր:

Սա միջազգային նախագիծ էր, որն իրականացման և վերջնական արդյունքի շատ բարդ ճանապարհ անցավ՝ հատկապես հայաստանյան պայմաններում, որովհետև որպեսզի այն հայտնվի այնպիսի միջազգային հեռուստաընկերության եթերներում, ինչպիսիք են, օրինակ, ֆինլանդիական YLE-ն, կամ շվեդական SVT-ը, գերմանաֆրանսիական MDR-ն ու ճապոնական Musee Du Quai Branly-ը, դու պետք է պատրաստ լինես միանգամից և նկատելիորեն մեծացնելու քո լսարանը: Այդ հեռուստաընկերությունների եթերներին հետևում են միլիոնավոր հեռուստադիտողներ՝ աշխարհի տարբեր երկրներում, ամենատարբեր լեզուներով: Այսպիսի շուկա մտնելն իրականում շատ բարդ պրոցես է:

Իրականում «Բարս մեդիան» հայաստանյան առաջին ստուդիաներից էր, որ վավերագրության մեջ դուրս եկավ միջազգային շուկա: Առաջին նմանօրինակ ֆիլմը Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմն էր, որ արվեց ամերիկյան PBS-ի և գերմանական WDR-ի հետ համարտադրությամբ և շրջեց գրեթե ողջ աշխարհում: Ես այդ ֆիլմում գլխավոր ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի ասիստենտն էի: Հենց այդ տարիներին էր, որ ես շատ գիտելիքներ քաղեցի Վարդանից:

Հայաստանում ի՞նչ համամասնություն ունեն միջազգային այս կամ այն կինոհարթակներում հաջողված և ձախողված նախագծերը:

– Այս հարցին ես կարող եմ պատասխանել «Բարս» ընկերության աշխատանքային տեսանկյունից: Հաճախ է պատահում, որ 10 զարգացող նախագծերից 8-ը ժամանակի ընթացքում այս կամ այն փուլերում կամ իրավիճակներում մահանում են, 9-րդը մահանում է երկար ճանապարհ ու մասնագիտական տարբեր փիչինգներ անցնելու ճանապարհին, երբ հասկանում ես՝ որևէ հաջողություն չի գրանցում իր զարգացման պրոցեսում, բայց դրանցից մեկն այնուամենայնիվ դառնում է ֆիլմ:

Միջազգային ֆորումներում որևէ ֆիլմ նախագիծ առաջ տանելը լուրջ ճակատամարտ է, որովհետև աշխարհում կան միլիոնավոր ռեժիսորներ, կան շատ սահմանափակ թվով ֆինանսավորման աղբյուրներ, իսկ Հայաստանը հաստատ ոչ մեկի համար ամենակարևոր կինոարտադրող երկրներից չէ:

Վերադառնանք «Հայաստանի վերջին լարախաղացները» ֆիլմի ստեղծման պատմությանը:

– Վարդանը (Վարդան Հովհաննիսյան) միշտ ասում էր՝ փորձեք այնպիսի գաղափարներ գտնել, որոնք կհետաքրքրեն ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ առավելապես աշխարհին: Մեզ ներքին սպառման տեսանկյունից շատ բաներ կարող են հետաքրքիր լինել կամ թվալ, իսկ երբ դա հետաքրքրում է նաև միջազգային հանդիսատեսին, ովքեր չեն էլ իմանում, թե որտե՞ղ է Հայաստանը քարտեզի վրա, սա շատ բարդ աշխատանք է: Մանկության տարիներին ես շատ էի սիրում լարախաղացների մշակույթը: Այն տարիներին նրանք ամենուր էին՝ գյուղում, քաղաքի արվարձանային թաղամասերում, և, կարելի է ասել, որ բակային բնակիչների մի զգալի հատվածի ուրախության առիթն էին: Ես իսկապես նկատում էի, որ այդ մշակույթն ուղղակի վերանում է մեզանում, կամ, եթե անգամ ինչ-որ բաներ դեռ պահպանվել են, ապա հաստատապես այն չեն:

Սկսեցի անձնական ուսումնասիրություններ կատարել, որի ընթացքում հանդիպումներ և զրույցներ ունեցա ազգագրագետների հետ, գտա լարախաղացներին, հանդիպեցի նրանց հետ ու հասկացա, որ հենց այն պահին ենք, որ այդ արվեստն արդեն անհետացման վտանգի առջև է հայտնվել: Այսինքն, դեռ կար հնարավորություն շատ գեղեցիկ կերպով վավերագրելու, թե ինչպե՞ս է ավանդույթը գլոբալիզացիայի ֆոնին վերացվում և հետաքրքրությունը կորցնում:

Սկզբում ես միայնակ սկսեցի ֆիլմը, Վարդանի հետ համապրոդյուսերությամբ, գտա գլխավոր հերոսներ՝ երկու պապիկներին, ովքեր ժամանակին շատ հայտնի լարախաղացներ էին, իսկ հիմա արդեն ամեն ինչ անում էին, որ պահպանեին իրենց արվեստը, բայց կարծես թե դա նրանց մեծ դժվարությամբ էր հաջողվում, որովհետև աշակերտ չէին կարողանում գտնել:

Շատ հետաքրքիր էր նրանց կոնֆլիկտը, թե ինչպես կարող են երկու իրար չսիրող մարդիկ հանուն գաղափարի փորձել աշխատել միասին, որովհետև ունեն մի նպատակ՝ պահել իրենց արվեստը, և այլն: Կարճ ասած, մեծ ֆիլմ դառնալու բոլոր հնարավորությունները կային, և մենք փորձեցինք դա անել: Ֆիլմի թրեյլերն արդեն նկարված էր, ողջ աշխարհում հնարավոր բոլոր տեսակի փիչն արել էի, ֆիլմի մի մասը նկարել էի, և երբ հասկացանք, որ նախագիծը շատ է մեծանում, նախագծին միացավ նաև ռեժիսոր Արման Երիցյանը:

Մենք նրան ընտրեցինք, որովհետև հայաստանյան լավագույն վավերագրող ռեժիսորներից է, այսպիսով նա դարձավ ֆիլմի համառեժիսորը: Այս ֆիլմն իր վերջնական արդյունքում անցավ և՛ շատ հաջողված փառատոնային, և՛ հեռուստատեսային ճանապարհ:

Ո՞րն էր ֆիլմի հաջողությունը:

– Բոլոր հանգամանքները միասին վերցված: Ֆիլմ ստեղծելը կոլեկտիվ արվեստ է, և դրա հաջողության բանաձևը մի հանգամանքով սահմանափակել չես կարող՝ նույն էնտուզիազմը, որով դու իրեն փորձում ես առաջ տանել միջազգային համապատասխան հարթակներում, ճիշտ ժամանակին ճիշտ պատմություն և լավ հերոսներ գտնելը: Այս ֆիլմի գլխավոր հաջողություններից մեկը շատ կոլորիտային, խարիզմատիկ և համով հերոսների առկայությունն էր: Վավերագրության մեջ, եթե դու չունես լավ հերոս, ապա որքան էլ թեման հետաքրքիր ու գրավիչ լինի, հաջողության գրավականը պակասում է:

Ի՞նչ նախագծի վրա ես աշխատում այս պահին:

– Այս պահին արտադրության մեջ երկու նախագիծ կա, որոնց վրա աշխատում եմ: Դրանցից մեկի վերաբերյալ փակագծեր բացել այս պահին չեմ պատրաստվում, միայն կարող եմ ասել, որ մարդկային և սոցիալական շատ զգայուն թեմա է: Սա Հոլանդիայի հետ համարտադրությամբ արվող և այս պահին նկարահանումների փուլում գտնվող վավերագրական ֆիլմ է, որտեղ ես հանդիսանում եմ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը, և որի զարգացման ընթացքը շատ ամուր է առաջ ընթանում:

Երկրորդ թեման, որ իմ կյանքի, թերևս, գուցե ամենակարևոր ֆիլմն է, և որի ստեղծմանը մասնակցելու համար կրկին շատ ուրախ եմ՝ հայ-գերմանական համատեղ արտադրության «Արշալույսի լուսաբացն» է: Այն անցյալ տարի որպես հաղթող նախագիծ ընտրվեց Կաննի կինոփառատոնի կինոշուկա մեկնելու համար, այն նմանապես փիչ է անցել Լեյպցիգի փառատոնին կից ֆորումում և այլ միջազգային հեղինակավոր հարթակներում:

Այս ֆիլմն ինձ համար շատ ծանր, բայց միևնույն ժամանակ՝ շատ կարևոր նախագիծ է, որովհետև ցեղասպանության մասին է: Որպես վավերագրող ռեժիսոր՝ միշտ մտածել եմ, որ ցեղասպանության թեմային երբեք մոտ չեմ գնալու, որովհետև շատ դժվար է քո անձնական ցավից վեր կանգնել և օբյեկտիվ արդյունք ներկայացնել, իսկ ռեժիսորն անձնական մոտեցումների և խմորումների մեջ միշտ պետք է կարողանա որոշակի հեռավորություն պահպանել սեփական ֆիլմից:

Կարծում եմ՝ մինչ այսօր հայ ռեժիսորների՝ ցեղասպանության մասին արված ֆիլմերը չեն հաջողվել հենց այդ պատճառով: Մենք շատ զգացմունքային ենք մնում դրանք անելու ողջ ընթացքում և այսպիսով ինքներս որպես ռեժիսոր հայտնվում ենք մեր ցավի կիզակետում և մնում այնտեղ, ինչի արդյունքում ֆիլմը, որպես համամարդկային խոսք, չի հաջողվում:

Ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմերը չեն հաջողվում ևս մեկ պատճառով, որ չունենք վավերագրության կարևորագույն էլեմենտներից մեկը, ինչպես վերևում արդեն ասացի՝ հերոսը: Հիմնականում, գոնե իմ սերնդի համար այդ հերոսներն արդեն շատ ծեր են, ու շատ դժվար է 100-ն անց տարիք ունեցող հերոսների հետ հետաքրքիր պատմություններ ստանալ:

Այս թեմայով արխիվներն էլ արդեն անհնարինության չափ շատ են օգտագործվել: Իրականում «Արշալույսի լուսաբացը» ծնվել է մեկ այլ ֆիլմից, որ կրկին պատրաստվում էր նկարահանել «Բարս մեդիան»: Սա շատ երկար պատմություն է, որ կապ ունի Կանադայում գտնվող ցեղասպանության հարցերով զբաղվող «Զորյան» գիտահետազոտական ինստիտուտի հետ:

Այդ ինստիտուտը դեռևս 1970-ականներին սկսել է վավերագրել վերապրածների հուշերը, և արդյունքում՝ ունեն աշխարհով մեկ սփռված վերապրածների կողմից պատմված և տեսագրված մոտ 700 հուշ: Գեղարվեստական տեսակետից այդ նյութերը շատ թույլ են, որովհետև հավանաբար հենց այդպիսի խնդիր չեն դրել իրենց առաջ, բայց փոխարենը՝ այնտեղ կան շշմելու հետաքրքիր պատմություններ: Այդ պատմություններից մեկը պատմում է ցեղասպանության հայտնի և արժանահիշատակ վերապրող Արշալույս Մարդիկյանը՝ նույն ինքը՝ Ավրորան:

Երբ ես նայեցի այդ պատմությունը, ինձ համար բացահայտեցի բոլորովին նոր ու անծանոթ մի հայ հերոսուհու, որի կյանքի պատմությունն էլ անիմացիայի և կինոյի լեզվով պատրաստվում եմ կյանքի կոչել իմ առաջիկա նախագծում, ինչը, նորից եմ կրկնում, ինձ համար մինչ այսօր եղած, թերևս, ամենակարևոր նախագծերից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս