«Հարցը պետք է ուղղել Նիկոլին և ոչ ինձ. Գագիկ Ծառուկյանն ասել է` ինքն աջակցում է ժողովրդական շարժմանը». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո դեռ չի ընտրվել վարչապետ, նրա թիմը ձեռնամուխ է եղել ապագա կառավարության կազմի շուրջ քննարկումներին։ ԱԳ նախարարի պոստում տրվում են Դանիայի այսօրվա դեսպան, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաև Կարապետ Ռուբինյանի որդու՝ Ռուբեն Ռուբինյանի անունները:
Երեկ մեր հարցին ի պատասխան՝ ճի՞շտ է, որ Դուք պաշտոն չեք ցանկանում, բայց դեմ չեք լինի դեսպան նշանակվել որևէ երկրում, օրինակ` ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ սովորել եք, տեսել եք Թրամփին, նկարվել հարգարժան Ռամսֆելդի հետ, շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենց պայքարը դրա համար չէր, պայքարը դեռ չի ավարտվել, ինքը պատրաստվում է առաջիկա ընտրություններին:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ձեր շարժման, այսպես ասած, հենարաններից մեկն էլ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն են, որն օլիգարխ է։ «Հարցը պետք է ուղղել Նիկոլին և ոչ ինձ. Գագիկ Ծառուկյանն ասել է` ինքն աջակցում է ժողովրդական շարժմանը»:
Իսկ Ցոլակյանի «սպասվելիք ներկայությանը» ձեր թիմո՞ւմ. խոսվում է նրա` ԱԱԾ «շեֆ» դառնալու մասին։ «Ես գնահատական եմ տալիս ոչ թե նրա անցյալին, այլ կոնկրետ օրվա կոնկրետ քայլին և ողջունում այն։ Լավ ճանաչելով երկրի անվտանգության մարտահրավերները՝ նա կատարեց այդ քայլը` ի նպաստ երկրի»:
Բամբասում են, թե Սերժ Սարգսյանն է նրան գործուղել ձեզ մոտ։ «Բայց Սերժ Սարգսյանը չի որոշելու, չէ՞, ով ինչ պաշտոնում կնշանակվի, եթե Նիկոլը դառնա վարչապետ, և ով ուր կգնա։ Նա վաղուց կորցրել է իր թիմի նկատմամբ վերահսկողությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: