«Այս ողջ պատմության մեջ բոլորն իրենց շատ կարգին պահեցին, բացառությամբ մեկ մարդու». Ռուբեն Բաբայան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև դրա պատճառահետևանքային կապերին, հանդիպման բանախոս, Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հետաքրքիր դիտարկում է կատարում.
«Այս ողջ պատմության մեջ բոլորն իրենց շատ կարգին պահեցին, ոմանք՝ մի քիչ ուշացած, ոմանք՝ ավելի վաղ, բայց բոլորն իրենց պահեցին՝ որպես այս երկրի սրտացավ քաղաքացի, բացառությամբ մեկ մարդու՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի: Ես, եթե նկատել եք, երբեք անձնավորված խոսելու կողմնակից չեմ եղել, բայց այս անգամ ուզում եմ բարձրաձայնել, որպեսզի սա հետագայում ինչ-որ ձևով դաս դառնա մյուսների համար: Ես երբեք համակրանքով չեմ վերաբերվել այդ անձին, և սկսած այն օրվանից, երբ նա հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից՝ հայտարարելով, որ իրեն ավելի լավ աշխատանք են առաջարկել Ռուսաստանում:
Չի կարող Երևանի քաղաքապետը նման պատճառաբանությամբ թողնել պաշտոնն ու իրեն վերագրված պարտականությունները: Երբ նա վերադարձավ և իր հետ բերեց ողջ «Գազպրոմը», ստիպելով բոլորին անդամակցել ՀՀԿ-ին, դա նշան էր մի բանի, որ նա այդ 7000 մարդու հանդեպ ունի ստրուկի վերաբերմունք: Այն, ինչ նա կատարեց վերջին 1,5 տարվա ընթացքում մշակույթի, կրթության և գիտության ասպարեզում, սա պարզապես սարսափելի երևույթ էր:
Նա մեկն էր, ով առաջարկում էր վաճառքի հանել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը: Հետևաբար, սա նշանակում է մի բան՝ նա պարզապես որևէ կապ չուներ Հայաստանի հետ: Հայաստանի Հանրապետության պատասխանատու պաշտոնյաները պետք է լինեն մարդիկ, ովքեր զգում, հասկանում, գնահատում և ցավում են այս հողի համար, ովքեր սիրում են այստեղ ապրող ժողովրդին, և այստեղ արդեն կապ չունի, թե ինչով է վերջանում այդ մարդկանց ազգանունը:
Բազմաթիվ օտարազգի մարդիկ, ովքեր Հայաստանում են ապրում, շատ ավելի հայ են, քան նա: Եվ մի խորհուրդ ՀՀԿ-ին՝ դուք հիմա կանգնած եք շատ դժվար խնդրի առաջ: Դուք շատ լավ ընդդիմադիր կուսակցություն կլինեիք, որովհետև հոյակապ կադրեր ունեք ձեր ներսում, ուրեմն լսեք, թե ինչ եմ ասում՝ ուղարկեք դրան գրողի ծոցը, մեղք եք»: