Բաժիններ՝

Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան

Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկիչ, Ռուսաստանի քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգների մասին տեղեկատվության ստացմանը, մշակմանը, վերլուծությանը և իրացմանը, ինչպես նաև այդ վտանգների կանխատեսմանն ուղղված իր կանոնադրական գործառույթների բնականոն իրականացումը՝ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում ձևավորված օպերատիվ բարդ իրավիճակով պայմանավորված խիստ հսկողության տակ պահելով օտարերկրյա պետությունների և ահաբեկչական կազմակերպությունների հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունը։

Այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ ակտիվ փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական գործողություններով դեռևս տարեսկզբից նկատելով միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկայումս հանրապետությունում առկա լարվածության հանգամանքից օգտվելու և Հայաստանի Հանրապետությունը թիրախավորելու վերջիններիս շարունակական փորձերը կանխարգելելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական և հակահետախուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղացրել է նաև սահմանային հսկողությունը։

Միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռևս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ միջազգային ահաբեկչական գործունեությանը Ս.Բագանդգաջիևի մասնակցության, կեղծ անձնագրի ձեռքբերման, ինչպես նաև Հայաստան նրա ժամանման հանգամանքներն ու իրական նպատակները պարզելու ուղղությամբ։

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս փաստում է, որ օրենքով իրեն վերապահված մեթոդների և միջոցների ողջ գործիքակազմի կիրառմամբ շարունակում է ՀՀ քաղաքացիների, հասարակության և պետության անվտանգության ապահովման և իր իրավասությանը վերապահված մյուս խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների հետևողական իրականացումը։

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս