«Այդ հարցն ուղղեք համապատասխան մարմիններին». Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության և գտնվելու վայրի մասին

«Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հասարակության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացի մեջ ստիպված սկսում են ներգրավել իրավապահներ։

Իրականում ես համարում եմ, որ ևս ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունն իրարից պետք է ժամանակի մեջ սկսի տարբերակվել, որովհետև խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց դրա մեջ է, որ այն ընդդիմությունը, որ ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի այլ գործիքակազմ խնդիրները լուծելու, քան այն ընդդիմությունը, որ չունի այդ հնարավորությունը, և ստիպված է լինել փողոցում։

Այդ առումով, ես կարծում եմ, որ սա հերթական փորձաշրջան է մեր ժողովրդավարացման կայացման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձերբակալության փաստը։

Ըստ նրա՝ պատգամավորի պարագայում կան ներպետական և միջազգային հստակ ընթացակարգեր, որ պետք է հաղթահարվեն։ Վ.Սարգսյանը վստահություն հայտնեց, որ օրենքի տառը պահպանվելու է։

Կարդացեք նաև

Անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության գործողություններին՝ Վ.Սարգսյանը նշեց, որ ինչքան էլ արհեստավարժ ու պատրաստված լինի, միշտ կարող է եզրին գտնվել ուժի կիրառման անհամաչափության կամ անհրաժեշտության առումով։

Նա կարևորեց հետագա քննության հարցը և ոստիկանության նկատմամբ ի սկզբանե չլինի ապրիօրի մեղավորության կանխավարկած.

«Դա կարող է միջոցառման կազմակերպիչներին դուր գալ կամ չգալ, բայց հավատացնում եմ ձեզ, անգործության հետևանքները ավելի ծանր կարող են լինել, քան այն գործողությունները, որ ոստիկանությունն ի պաշտոնե պարտավոր է կատարել»։

Դիտարկմանը, որ 24 ժամ է անցել, սակայն ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ փաստաբանը չգիտեն, թե որտե՞ղ է պահվում Նիկոլ Փաշինյանը, Վ.Սարգսյանը հակադարձեց, թե դա ոչ թե կուսակցական գործչի, այլ իրավապահ մարմիններին տրվելիք հարց է. «Այդ հարցն ուղղեք համապատասխան մարմիններին»։

Տեսանյութեր

Լրահոս