Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից
Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ապրիլի 22-ին ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում 9 տուժած, որից 7–ն ընդունվել է այսօր։ Մեկը ապրիլի 16-ից բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության պատճառով։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող 2 տուժածից մեկն առաջիկա ժամերին դուրս կգրվի։
«Էրեբունի» բժշկական կենտրոններում այս պահին բժիշկների հսկողության ներքո է 6 տուժած:
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության: