«Կարևոր է, որ իրավիճակը ավարտվի երկխոսության և զիջումների միջոցով»

Միջազգային փորձագիտական, քաղաքական, մեդիա  համայնքը շարունակում է հետևել  շուրջ 8 օր Երևանում  մեկնարկած «Իմ քայլը» բողոքի նախաձեռնությանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկ է հայտարարել:

«168 Ժամի» հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի անգլիացի պատգամավոր Չարլզ Թեննոքը նախ ողջունեց, որ սահմանադրական բարեփոխումների ներդրումը Հայաստանում տեղի ունեցավ հարթ, թեև Հայաստանում ծավալվում են հանրային բողոքի միջոցառումներ: Նրա գնահատմամբ, դրանք ևս ժողովրդավարական գործընթացներ են: «Հուսով ենք, որ սահմանադրական բարեփոխումներին զուգահեռ՝ Հայաստանը կսկսի բարեփոխումները, որոնք ստանձնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որի իրագործման մեկնարկը կտրվի ամռանը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ցանկացած ժողովրդավարական երկրում քաղաքացիները, կուսակցությունները և բոլոր տեսակի հասարակական խմբերն իրավունք ունեն իրացնել իրենց ազատ արտահայտվելու, խաղաղ պայքարելու սահմանադրական իրավունքը, որը չպետք է խոչընդոտվի իշխանությունների կողմից: «Եթե չեմ սխալվում՝ ԵՄ-ն արդեն հայտարարություն տարածել է Հայաստանում ծավալվող բողոքի միջոցառումների վերաբերյալ: Ես միանում եմ այդ հայտարարությանը: Կարևոր է, որպեսզի ապահովվի հասարակության ազատ արտահայտվելու, այդ թվում՝ բողոք հայտնելու իրավունքը:

Ակնհայտ է, որ ԵՄ-ն չի արձանագրում որևէ ագրեսիա, բռնի գործողություն ցուցարարների կողմից, այլապես կդատապարտեր տեղի ունեցող իրադարձությունները կամ հայտարարություն չէր տարածի, քանի դեռ քաղաքացիներն իրենց խաղաղ միջոցառումներն են իրականացնում, ուժային մարմինները զուսպ կեցվածք պետք է դրսևորեն, նույնը վերաբերում է նաև ցուցարարներին:

Ընդհանուր առմամբ, սա ողջունելի, ժողովրդավարական երկրին բնորոշ գործընթաց է, քանի դեռ դուրս չի եղել խաղաղ ցույցերի սահմաններից, վերածվելով բախումների: Վարչապետի ընտրությունից հետո ցանկացած բռնություն կլինի իշխանության դեմ իր անկանխատեսելի հետևանքներով»,- ասաց Թեննոքը:

Թեննոքի խոսքով,  ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր իշխանություններին ազատ և արդար ընտրությունների միջոցով: Ըստ նրա, եթե ընտրությունները կեղծվում են, քաղաքական պայքարն ինստիտուտներում անհնար է դառնում, սկսվում է փողոցային պայքարը, որի իրավունքը հասարակությունը ևս ունի: «Ես չեմ կարող ասել, թե ինչով կավարտվի այս գործընթացը: Կարևոր է, որ այն ավարտվի խաղաղ, առանց բռնության, և երկխոսության, զիջումների միջոցով»,- ասաց ԵԽ պատգամավորը:

Մեզ հետ զրույցում ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ շարժման ապագայի համար այն հանգամանքը, որ ՀՀ գործող իշխանություններն արտաքին աջակցություն ունեն,  ասաց, որ, չլինելով հայ հասարակության մի մասը, դժվարանում է գնահատել շարժման գործողությունները, դրանց արդյունավետությունը և շարժման բողոքական ներուժը, որն ամենակարևոր գնահատման ցուցիչն է:

Նրա գնահատմամբ, բողոքական ներուժն ավելի որոշիչ է նման զարգացումների ժամանակ, քան այն, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ունի Ռուսաստանի, մասնավորապես՝ Պուտինի, կամ այլ կենտրոնների աջակցությունը: «Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ևս ուներ Պուտինի լիակատար աջակցությունը, բայց նրան ոչ մի աջակցություն չփրկեց:

Նման շարժումների հաջողությունը և անհաջողությունը հաճախ կախված է իշխանությունների հակաքայլերից: Երբ մենք հիշում ենք, թե ինչպես սկսվեց Ուկրաինայում շարժումը 2013 թվականին, կարող ենք պնդել, որ այն դատապարտված էր անհաջողության, բայց իշխանությունների կտրուկ, անիմաստ, անարդարացված ճնշումները, բռնի գործողությունները հանգեցրին մի ամբողջ հեղափոխության: ՀՀ իշխանությունների գործողություններից է նաև կախված` կլինի՞ հեղափոխություն, թե՞ ոչ: ՀՀ իշխանությունները դեռ կարողանում են իրենց համարժեք դրսևորել և զուսպ են իրենց քայլերում, բայց չգիտեմ՝ ինչ հունով կգնա այս ամենը: Սակայն նրանց քայլերից ու այս բողոքի ներուժից են կախված հետագա բոլոր զարգացումները»,- ասաց Պորտնիկովը:

Ուկրաինացի վերլուծաբանն ասաց, որ ինքն անձամբ կառավարման խորհրդարանական համակարգի ակտիվ կողմնակիցն է: Նրա գնահատմամբ՝ կառավարման այն մոդելը, որն ընտրվել է Հայաստանում, հաջող կառավարման համակարգի կառուցման ամենաօպտիմալ տարբերակն է: «Բայց միևնույն ժամանակ՝ կցանկանայի նշել, որ փորձերը՝ այն օգտագործել ներկայիս ռեժիմի, իշխանության կոնսերվացման համար, թակարդն է գցելու այն ռեժիմին, որը ցանկանում է պահպանել իր իշխանությունն այս մոդելի միջոցով, քանի որ ավտորիտար ռեժիմը չի կարող երկար ժամանակ հիմնվել խորհրդարանական պետության վրա: Տեղի է ունենում ողջ կառավարական օրգանիզմի «մաքրում»:

Խորհրդարանական կառավարման համակարգը չի կարող զարգանալ այն պայմանններում, երբ ավտորիտար ռեժիմ է: Սարգսյանը երբ նման մոդել էր ընտրում կառավարության ապագա գործունեության համար, պետք է հասկանար նաև այն ռիսկերը, որոնք բերելու էր իր հետևից այս մոդելը: Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, նաև այս մոդելի շնորհիվ է»,- նկատեց նա: Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է դիրքորոշումների, կարծիքների, շահերի հավասարակշռություն և ոչ ավտորիտարիզմ ու գործող ռեժիմի անընդհատ երկարաձգում:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հետևում է Երևանում տիրող իրավիճակին՝ հույսով, որ իշխանությունը և փողոցում տեղի ունեցող զարգացումների նախաձեռնող գործիչը համաձայնության կգան: Ըստ նրա՝ կարևոր է, որպեսզի այս իրավիճակում կողմերը սկսեն երկխոսել՝ խուսափելով բախումներից, քանի որ փողոցային ակցիաները օր օրի ավելի մարդաշատ են դառնում:

«Այս տեսանկյունից ողջունում եմ ՀՀ նախագահի երկխոսության առաջարկը, հուսով եմ, որ ընդդիմությունը դրան համարժեք պատասխան կտա, քանի որ երկխոսությանն այլընտրանքը երկրի բնականոն կյանքի արգելափակումն է: Պետք է հասկանալ նաև, որ հեղափոխությունը հեշտ պրոցես չէ, այդ գործընթացը հաղթահարելու համար երկրին անհրաժեշտ են լինում նույնիսկ տասնյակ տարիներ, որը փոքր-ինչ բարդ է Հայաստանի նման երկրի համար, որը բարդ արտաքին քաղաքական խնդիրներ ունի հարևանների հետ»,- ասաց Լուկիանովը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը բանակցություններն ու զիջումներն են: Ռուս քաղաքագետը նշեց, որ, հաշվի առնելով երկրում առկա դժգոհությունները, կարելի է ասել, որ հեղափոխություն տեսականորեն հնարավոր է, բայց դրա հետևանքները ևս պետք է նախապես հաշվարկված լինեն:

«Դա, կրկնում եմ, հեշտ գործընթաց չէ»,- պնդեց քաղաքագետը: Ուստի, նրա խոսքով, պետք է փորձել կոմպրոմիսային ելքեր փնտրել բանակցությունների միջոցով: Հարցին, թե ինչպիսի՞ կոմպրոմիսներ կարող է անել իշխանությունը, Լուկիանովը դժվարացավ պատասխանել:

«Ես շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ այդ ելքերը կան, կոմպրոմիսները կան, պարզապես պետք է կողմերը ցանկանան գնալ այդ քայլին»,- ասաց նա:

Լուկիանովն ասաց, որ չլուծված հակամարտություն ունեցող երկիրն իրեն չի կարող երկարատև անցումային փուլեր թույլ տալ: «Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ՝ ելքը կգտնվի: Մոսկվան խաղաղ հանգուցալուծման կողմնակիցն է»,- նկատեց նա: Անդրադառնալով կարծիքներին, որ շնորհավորելով Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, Մոսկվան իր աջակցությունը ցույց տվեց Սարգսյանի իշխանությանը, Լուկիանովն ասաց, որ՝ անկախ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից, այդ շնորհավորանքը պետք է լիներ: «Մոսկվան գործող իշխանությունների հետ արդյունավետ է աշխատում, բայց առանձահատուկ նախընտրություններ չունի, չի միջամտի իրավիճակին: Մոսկվային հարմար է աշխատել խելացի իշխանությունների հետ»,- ասաց նա:

21.04.2018թ.

Տեսանյութեր

Լրահոս