«Հայաստանյան տրամադրությունները խորն արմատներ ունեն»․ բրիտանացի վերլուծաբան
«Հայաստանյան տրամադրությունները լուրջ ու խորն արմատներ ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Երևանում ծավալվող իրադարձություններին։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կավարտվի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությունը, բրիտանացի վերլուծաբանն ասաց, որ ամեն զարգացում հնարավոր է։
Ըստ նրա, հեղափոխություն հնարավոր է, քանի որ և՛ արտաքին, և՛ ներքին խնդիրների պատճառով հասարակության շրջանում լուրջ դժգոհություններ են կուտակվել։
Մաքֆարլեյնի կարծիքով՝ այդ տրամադրությունները միայն ներկայիս իշխանություններով չեն պայմանավորված։ Այս տրամադրությունները, բրիտանացի վերլուծաբանի խոսքով, ձևավորվել են նաև Ղարաբաղյան թեժ հակամարտության և հայ-թուրքական փակ սահմանների պատճառով, վերջին շրջանում հայ-ռուսական սերտ հարաբերությունների պատճառով, որոնք շրջափակման մեջ են դրել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի տնտեսական և տարանցիկ հնարավորությունները։ Եվրոպացի քաղաքագետի որակմամբ՝ նման պայմաններում շատ դժվար է լինել հասարակությանը գոհացնող իշխանություն։
«Բայց արտաքին խնդիրներից զատ, կան ներքին խնդիրներ, որոնք, ինչպես երևում է հասարակության դժգոհությունից՝ ՀՀ իշխանությունների պարտավորությունների տիրույթում են։ Այսինքն՝ խնդիրներ կան և անցյալից, և ներկայում այդ խնդիրները չեն լուծվում այն ինտենսիվությամբ, ինչ հայ հասարակությանն է անհրաժեշտ»,- ասաց Մաքֆարլեյնը։
Ուստի, նրա խոսքով, ստեղծված իրավիճակում պարզ է, որ անհրաժեշտ են լուծումներ, որոշումներ բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում բարեփոխումներ։ Այս դեպքում, բրիտանացի քաղաքագետի դիտարկումների համաձայն, հասարակության մի մասը որոշել է, որ կարող է լուծել այդ բոլոր խնդիրները։
«Ես չգիտեմ՝ այս շարժումը կարո՞ղ է լուծել դրանք, թե՞ ոչ։ Բայց եթե այս խնդիրները պահպանվեն, այդ դժգոհությունը կրկին է գլուխ բարձրացնելու։ Չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Ամեն սցենար հնարավոր է։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ իրադարձությունները կավարտվեն բարեհաջող՝ հօգուտ հայ ժողովրդի»,- ասաց նա։
Անդրադառնալով ռուսական որոշ շրջանակների պնդումներին, թե սա արևմտյան նախաձեռնություն է՝ ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի Ռուսաստանի հարևանությունում անկայունության նոր օջախ լինի, Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ նույնիսկ ավելորդ է մեկնաբանել դա։
Ըստ Մաքֆարլեյնի՝ Արևմուտքում բացարձակ չէին էլ կասկածում, որ Հայաստանում նման բողոքի ակցիաներ են հնարավոր։ Նրա խոսքով՝ Արևմուտքը նման զարգացումներով հետաքրքրված չէ, նման սցենարներով երբեք չի զբաղվում, չի հրահրում հակակառավարական գործողություններ, առավել ևս, երբ կառուցողական է աշխատել ՀՀ ներկայիս իշխանության հետ։
Հեղափոխության դեպքում, Մաքֆարլեյնի դիտարկումների համաձայն, համագործակցությունն անկանխատեսելի է Արևմուտքի համար։ Փորձագետը հիշեցրեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավոր է դարձել հենց ներկայիս իշխանության օրոք։ Նրա պնդմամբ՝ որոշողը հայ ժողովուրդն է, արտաքին դերակատարները միայն կարող են ցանկանալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծում։