Բաժիններ՝

Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հայկական հանքային ջրերի, ալկոհոլային խմիչքների ու սննդամթերքի համար

Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հատկապես հայկական հանքային ջրերի, պատրաստի սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, այդ թվում` կոնյակի համար: Այս մասին Երևանում կայացած հայ-բրազիլական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Բրազիլիայի առևտրի և ներդրումների խթանման գործակալության (ApexBrasil) Եվրասիայի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ալմիր Ռիբեյրո Ամերիկոն: «Բրազիլական և հայկական ապրանքների ներկայացվածությունը երկու երկրների շուկաներում դեռևս համեստ է, բայց կարելի է ավելի ակտիվորեն զարգացնել: Սրանք առաջին քայլերն են, բայց հույս ունենք, որ այսուհետ մեր տնտեսական հարաբերություններն ավելի կակտիվանան, քանի որ կա այդ ներուժը»,-ասաց բրազիլացի պաշտոնյան:

Երկրների միջև գործարար կապերն ամրապնդելու իմաստով ամենամեծ խնդիրն, ըստ Ալմիր Ռիբեյրո Ամերիկոյի, իրար մասին քիչ տեղեկացվածությունն է: «Բրազիլացի գործարարները չգիտեն Հայաստանի մասին, չգիտեն ինչ ներուժ կա այստեղ: Նույն կերպ էլ Հայաստանում տեղյակ են Բրազիլիայի մասին մշակութային առումով, ֆուտբոլի շնորհիվ, բայց գործարար հնարավորությունների վերաբերյալ չգիտեն»,-նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով` նմանատիպ հանդիպումները նպաստում են կապերի սերտացմանը, քանի որ տարածությունը հսկայական է և գործարարները միշտ չէ, որ իրար հետ շփվելու առիթներ են ունենում:

Ամերիկոյի տեղեկացմամբ` առաջին անգամ անցկացվող գործարար համաժողովին մասնակցում են Դուբայում, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում գործող բրազիլական ընկերությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ բեռնատարների և մարդատար մեքենաների համար ավտոպահեստամասերի, առևտրային նպատակներով օգտագործվող սառնարաններ արտադրող ընկերություններից, որոնք այստեղ փնտրում են գործընկերներ, սուրճի մատակարարներ, էկզոտիկ մրգերի ու հյութերի արտադրությամբ զբաղվողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս