Բաժիններ՝

Ի՞նչ կլինի, եթե սպանի իր սիրուհիներից մեկին. էքստրասենսի սպանությունը մանրամասն ծրագրավորել է

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Մխիթարյանը պահանջել է վերանայել իր վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2018թ. դատավճիռը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ ընդամենը 2 օր առաջ է ստացել գործով դատական ակտը և առաջիկայում պատրաստվում է ինքը ևս վերաքննիչ բողոք ներկայացնել, և քանի որ օրենքը թույլ է տալիս, ամբաստանյալը ևս որոշել է առանձին վերաքննիչ բողոք ներկայացնել:

Մուշեղ Մխիթարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և ցուցմունք է տվել, որ 2015թ. օգոստոսի 4-ին հանդիպել է Աննա Միսակյանին, վերջինս, իմանալով, որ ինքը այցելելու է Անի Մաջնունյանին, խնդրել է բախտագուշակություն կատարելու նպատակով իր հետ այցելել նրան, սակայն ինքն առաջարկել է փոխանցել էքստրասենսի հեռախոսահամարը:

Բայց, քանի որ Աննա Միսակյանն ի վիճակի չէր բախտագուշակության համար գումար վճարել Անիին, խնդրել է, որպես իր ծանոթ, գնալ, որպեսզի անվճար կատարվեր գուշակությունը: Ըստ Մուշեղ Մխիթարյանի ցուցմունքի՝ ինքը Մաջնունյանի հետ խոսել և տեղեկացրել է այդ մասին և վերջինս իր խնդրանքը չի մերժել:

Մխիթարյանը նաև հայտնել է, որ երբ Մաջնունյանի բնակարան է բարձրացրել, այնտեղ տեսել է գործով վկա Մարիամ Մաթևոսյանին, կարճ ժամանակ անց վերջինս հեռացել է էքստրասենսի բնակարանից, ապա վերջինս իրեն խնդրել է իրեն և Աննա Միսակյանին մենակ թողնել՝ գուշակություն անելու համար:

Սակայն Մխիթարյանը էքստրասենսի տունը չի լքել՝ ընդամենը ննջասենյակ է գնացել: Որոշ ժամանակ անց սենյակից դուրս է եկել, սակայն գուշակությունը ավարտված չի եղել, «Անի Մաջնունյանը պետք է «Նարեկ» կարդար, ինչից հետո նաև աղոթեր»:

Այս ամենից հետո էլ շարունակել են զրուցել, կիթառ նվագել և երգել: Որոշ ժամանակ անց դուրս են եկել Մաջնունյանի տանից և քայլել, ճանապարհին տաքսի են նստել և վարորդին խնդրել է դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված իրենց տանել, որտեղև գտնվում է իր բնակարանը:

Իսկ հաջորդ օրը ցանկացել է հանդիպել իր մտերիմներից Արամի հետ, ով իր ներակայացումներում նախկինում հանդես է եկել որպես դերասան և 2-րդ ռեժիսոր, նաև խմբագրել է իր պիեսներից որոշները: Հանդիպելու նպատակը եղել է պիեսի սյուժեն քննարկելը, դրա շուրջ խոսակցություն է եղել, որ եթե մարդ է սպանում, ապա ինչպես պետք է լինի, իսկ Աննան ասել է, օրինակ, սիրուհուն և նման խոսակցություններ:

Այդ հանդիպումներից որոշ ժամանակ անց Աննան իրենից ճշտել է ինչ-որ գերեզմանատան հասցե, որպեսզի անի այն, ինչ հանձնարարել է Անի Մաջնունյանը, պետք է այրեր հոր հագուստները և ճանապարհին «Ջերմուկի» տարայով բենզին են գնել: Այդ ամենը կատարելուց հետո էլ վերադարձել են ու Առաջին մաս և այդտեղ էլ բաժանվել են միմյանցից:

Այդտեղից ինքը գնացել է տուն և որոշ ժամանակ անց զանգահարել է Անի Զախարյանը և տեղեկացրել, որ Մաջնունյանը մահացել է, սակայն ինքն այդ լուրը հումորով է ընդունել, քանի որ դրանից մոտ մեկ ամիս առաջ իր մասին էին նման լուր հրապարակել:

Տեսնելով, որ Անիի սոցիալական կայքն ակտիվ չի եղել, հաղորդագրություն է ուղարկել նրան, որ առավոտյան պետք է արթնացներ իրեն և այդ ընթացքում արդեն համացանցում տեսել է լուրեր` Անի Մաջնունյանի սպանության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իր բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված դանակին, անպոչ գրտնակին և նոթատետրում կատարված գրառումներին, հայտնեց, որ այդ դանակը և գրտնակը միշտ իր տանն են եղել, իսկ նոթատետրում կատարված գրառումները կապված են եղել մոգության հետ, և դա պայմանավորված է նրանով, որ ինքը շփվել է մոգությամբ զբաղվող Անի Մաջնունյանի հետ, անգամ նա իրեն մոգության մասին գիրք է նվիրել:

Ինքն Աննա Միսակյանի հետ թշնամություն չի ունեցել, իսկ Անի Մաջնունյանի` երեխա չունենալու և արհեստական ճանապարհով երեխա ունենալու հետ կապված խոսել է, սակայն այդ մասին Աննային ոչինչ հայտնի չի եղել:

Բացի այդ, նա նաև հայտնել է, որ սեռական հարաբերություններ ունեցել է Աննա Միսակյանի հետ և դեպքի օրը նրա հետ է գնացել Անի Մաջնունյանի տուն, սակայն սկզբում մենակ է մտել Անիի բնակարան, քանի որ Աննա Միսակյանը ցանկացել է մնալ դրսում, ծխել հետո բարձրանալ:

Վկա Աննան էլ ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ իր և Մուշեղի միջև սեռական կապ է եղել, ընդ որում՝ այդ սեռական հարաբերությունները եղել են իր կամքին հակառակ: Մուշեղն իր կյանքին վերաբերող այնպիսի մանրամասնություններ է պատմել, որ այլ անձանց չէր կարող հայտնել:

Ըստ վկայի ինքը, նկատելով նրա մոտ որոշ տարօրինակություններ, խուսափել է նրա հետ շփումից, իսկ վերջինս սկսել է հետապնդել իրեն: Դեպքից 2 շաբաթ առաջ Մուշեղը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր մտադրության մասին` ասելով, արդյոք կարո՞ղ է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ինքը սպանի իր սիրուհիներից մեկին` Անի Մաջնունյանին, ով իրեն հոգնեցրել է, միաժամանակ տեղեկացնելով, որ մոտ 1 միլիոն ՀՀ դրամի չափով գումար է պարտք նրան, ինչը վերցրել է կենցաղային խնդիրների համար, այդ պատճառով նման մտադրություն ունի: Բացի այդ, հայտնել է, որ Անի Մաջնունյանի բնակարանում մեծ գումար կա` մոտավորապես 30.000 ԱՄՆ դոլար, և որ նա ցանկանում է երեխա ունենալ` փոխնակ մոր միջոցով:

2015 թվականի օգոստոսի 4-ին Մուշեղը, զանգահարելով իրեն, առաջարկել է հանդիպել` բեմադրության զգեստները քննարկելու համար: Հանդիպել են և հենց այդ հանդիպման ժամանակ էլ Մուշեղը կրկին բարձրաձայնել է իր մտադրության մասին՝ ասելով, որ ցանկանում է սպանել իր սիրուհիներից մեկին:

Ըստ վկայի ցուցմունքի՝ Մուշեղ, սպառնալով պահանջել է իրենից գնալ և տանից վերցնել հացի դանակ և նրա հետ միասին գնալ, սակայն ինքը հրաժարվել է և ասել, որ չի ցանկանում այդ ամենի հետ առնչություն ունենալ: Դրանից հետո Մուշեղը սպառնացել է, որ այդ տոպրակով կգնա իրենց տուն, ինքն էլ, վախենալով, նրա հետ միասին գնացել են իրենց բակ, ինքը միայնակ բարձրացել և տանից վերցրել է դանակը, ապա միասին գնացել են Անի Մաջնունյանի բնակարան:

Աղջիկը հայտնել է, որ ինքը հրաժարվել է բարձրանալ Մաջնունյանի բնակարան և սպասել է այդ շենքի բակում գտնվող տաղավարում, Մուշեղը բարձրացել է վերև:

Եվ քանի որ Մուշեղն իր մոտ գտնվող տոպրակը և իրենց տանից վերցրած դանակը թողել է իր մոտ, ինքը կարծել է, որ նա այդ մտադրությունը չի իրագործի:

Իսկ երբ հեռախոսազրույցի ժամանակ Մուշեղին ասել է, որ ցանկանում է գնալ, վերջինս իրեն կանչել է վերև, սակայն բարձրանալով Մաջնունյանի բնակարան ներս չի մտել, նստել է աստիճաններին, ապա Մուշեղը դուրս է եկել ու իրեն քարշ տալով ներս տարել՝ ասելով, որ իրագործել է իր մտադրությունը:

Վկան հայտնել է, որ բնակարանում գտնվել է մոտավորապես 5 վայրկյան և նկատել է Անի Մաջնունյանին` գետնին ընկած, նստած վիճակում, գլուխը ետ ընկած և շունչը փչելու ձայներ է լսել, ապա վազելով դուրս է եկել բնակարանից և իջել է բակ:

Մուշեղն էլ վազել է իր հետևից և սպառնացել է, որպեսզի բերանը փակ պահի և ինչ-որ բան պատահելու դեպքում պետք է ասի այնպես, ինչպես ինքը կասի, հակառակ դեպքում նույն բանն էլ իր հետ կկատարվի:

Դեպքի վայրից հեռացել են միասին տաքսիով՝ գնացել են Մուշեղի բնակարան, որտեղ վերջինս լվացվել և զգեստափոխվել է, իսկ ձեռնոցները և դանակի շականակագույն փայտյա բռնակը մեկ այլ դանակով մասնատելուց հետո այրել է, որից հետո մոխիրը դրել է տոպրակի մեջ:

Դրանից հետո Մուշեղ Մխիթարյանը զանգահարել է իր հիշելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրութուն և հայտնել հորինած պատմությունը` խնդրելով խմբագրել հոդվածը:

Բացի այդ էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով նամակ է ուղարկել Անի Մաջնունյանին, որում իր հիշելով գրված է եղել, թե ինչն է իր զանգերին չպատասխանելու պատճառը:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Անի Մաջնունյանի մահվան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս