ԵՄ-ն ԱՄՆ-ից հաստատում է ակնկալում, որ միությունը ազատված է մետաղների ներմուծման մաքսատուրքերից
Եվրամիությունը հույս ունի մարտի 10-ին ԱՄՆ-ից ստանալ այն բանի հաստատումը, որ հանրակցությունը կբացառվի մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ Վաշինգտոնի որոշումից:
Այդ մասին հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ամենամյա գործարար համաժողովում: Նրա խոսքով՝ մարտի 10-ին ինքը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի ու Ճապոնիայի գործընկերների հետ:
«Հույս ունենք՝ հստակ պատասխան ստանալ վաղվա հանդիպմանը: Հուսով ենք՝ կստանանք այն բանի հավաստումը, որ Եվրամիությունը բացառված է»,-ասել է նա, ընդգծելով, որ «այլապես մենք կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը»: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին:
Ներմուծվող պողպատը կհարկվի 25 տոկոսով, ալյումինը՝ 10 տոկոսով: Նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո: Մաքսերը ժամանակավորապես չեն վերաբերի Կանադային եւ Մեքսիկային, որոնց հետ ԱՄՆ-ը շարունակում է բանակցություններ վարել Ազատ առեւտրի հյուսիսամերիկայն համաձայնագրի (ՆԱՖՏԱ) ճակատագրի շուրջը: Թրամփը նաեւ հիշատակել է Ավստրալիայի եւ մի քանի այլ երկրների համար հատուկ պայմանների մասին, սակայն որոնք են լինելու դրանք, առայժմ հայտնի չէ:
ԱՄՆ-ի նախագահն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ բարձրացնել կամ իջեցնել սակագները, ինչպես նաեւ չեղարկելու մաքսերը կամ դրանք սահմանել առանձին երկրների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: