Ո՞ւր է պետպատվերը

Գյումրու թիվ 2-րդ ատամնաբուժարանում այս տարվա հունվարից ՀՀ ԱՆ-ից պետպատվեր չեն ստացել: Տեղի բուժաշխատողները նույնպես մեզ հետ զրույցում հաստատեցին այս փաստը:

«Ոչ, չենք ստացել, մենք ուրախ կլինենք, եթե այդ հարցը կարգավորվի: Հիվանդները մեղք են, գալիս-գնում են»,- ասաց ատամնաբուժարանի աշխատողներից մեկը:

Ատամնաբուժարանի հաշվապահը մեզ հետ զրույցում նշեց. «Միշտ էլ ուշ են տվել, բայց թույլատրել են, որ հիվանդներ ընդունենք, իսկ այս տարի՝ ոչ, մինչև պայմանագիր չկնքվի: Անցած տարի 16 միլիոն դրամ են տվել, բայց չգիտեմ՝ այս տարի կտա՞ն, թե՞ չեն տա, սպասում ենք: Երեկ հարկայինում սեմինարի էինք նստած, հարցրեցինք, ասացին՝ շատ հնարավոր է, որ ատամնաբուժարաններին ընդհանրապես պետպատվեր չտան: Մինչև ամսվա վերջ կպարզվի, թե ինչ կլինի: Մենք մասնավոր հիմնարկություն ենք, ուղղակի մեզ տալիս են պետպատվեր: Մեզ մոտ հիվանդների թիվը շատ է՝ մոտ 3000 այցելու ենք ունենում: Մի հիվանդը կարող է 10 հատ ատամ հեռացնի, հետո էլ օրթոպեդիա անցնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թիվ 2-րդ ատամնաբուժարանի հաշվապահը: Նշենք, որ նմանատիպ դեպքերում խախտվում են արտոնյալ պայմաններով անվճար բուժօգնություն ստացողների իրավունքները:

Օրենքով սահմանված կարգով անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն հետևյալ սոցիալական խմբերը.

Կարդացեք նաև

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30,00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

2. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,

3. Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

4. Վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում,

5. Մինչև 7 տարեկան երեխաներ,

6. Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան),

7. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք (որոնց ծնողները հրաժարվել են կամ ծնողական իրավունքից զրկվել են մինչև երեխայի 18 տարեկանը),

8. Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները,

9. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց՝ նաև հիվանդանոցային փորձաքննություն), և այլն:

Շիրակի մարզում առանց այն էլ հիվանդների կեսը չի կարողանում վճարել ատամնաբուժական ծառայությունների դիմաց, այժմ էլ արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող անձինք չեն կարողանում իրացնել իրենց այդ իրավունքը:

Գյումրու թիվ 2-րդ ատամնաբուժարանում, բացի Գյումրուց, Շիրակի մարզի այլ շրջաններից, Լոռու մարզից ևս մարդիկ են գալիս: Հիվանդների կեսը դժվարությամբ է կարողանում վճարել մատուցվող ատամնաբուժական ծառայությունների դիմաց:

Այս ատամնաբուժական կլինիկայի ծառայություններից հաճախ օգտվում են հաշմանդամության կարգ ունեցող անձինք: Որոշ հիվանդների պնդմամբ, սակայն, կլինիկայում պրոթեզավորումը որակով չի իրականացվում, կամ անհրաժեշտ է որոշակի գումար վճարել, որպեսզի ավելի որակյալ ատամների պրոթեզ պատրաստվի:

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի» համաձայն, հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկանան օգնություն պետական բժշկական հիմնարկներում:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաներն ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:

Հաշմանդամներն իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր և մասնագիտացված տիպի առողջարաններում՝ առողջարանային բուժմամբ:

ԲԱՓՀ-ի եզրակացության համաձայն՝ հաշմանդամների առողջարանային բուժման ուղեգրերով ապահովումը կատարվում է անվճար:
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի» համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից սահմանվող կարգով հաշմանդամներն ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) անվճար ստացման և նորոգման իրավունք: Սակայն հաշմանդամները, ովքեր իրավունք ունեն օգտվելու ատամների անվճար պրոթեզավորման իրավունքից, Գյումրու թիվ 2-րդ ատամնաբուժարանում հերթագրվում են, որից 2-3 ամիս հետո է միայն մարդկանց հերթը հասնում, բայց չկա որևէ երաշխիք, որ նրանք կկարողանան օգտվել անվճար ատամնաբուժական ծառայությունների սահմանված իրավունքից: Տարբեր տվյալներով՝ ատամների վճարովի պրոթեզավորումն էլ մասնավոր ատամնաբուժարաններում մինչև 100.000 դրամի է հասնում:

Բայց ինչո՞ւ պետք է հաշմանդամը վճարովի բուժօգնությունից օգտվի: Այս կե՞րպ են որակյալ բուժօգնությունը հասանելի դարձնում այն անձանց, ովքեր չեն կարողանում բժշկական ծառայություններից վճարովի օգտվել: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ բնակչության շատ քիչ տոկոսն է կարողանում բժշկական որակյալ ծառայություններից օգտվել, բնակչության մի ահռելի զանգված չի կարողանում նորմալ բուժօգնություն ստանալ: Նրանց բժշկական որակյալ ծառայությունները հասանելի չեն:
Հաշմանդամների իրավունքների ոտնահարման ևս մեկ դեպք կարելի է արձանագրել:

Երբեմն պոլիկլինիկաներում հաշմանդամներին անվճար հիվանդանոց պառկելու համար ուղեգրեր չեն տրամադրում: Հաշմանդամության կարգ ստանալու համար որոշ դեպքերում պոլիկլինիկաներում ընտանեկան բժիշկները չեն տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներին:

Այս ոլորտում առկա են ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ: Հատկապես ծանր է այն երիտասարդների և երեխաների վիճակը, ովքեր հաշվառված են «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոնում», ովքեր ունեն բազմաթիվ հիվանդություններ, որոնց, սակայն, հաշմանդամության կարգ չեն տրամադրում:

Այն, թե հաշմանդամության կարգ ձեռք բերելու վերաբերյալ առկա օրենսդրական բազայի ո՞ր դեպքերում է հնարավոր հաշմանդամության կարգ ձեռք բերել, հաշմանդամներին վերաբերող հիմնախնդիրների, հաշմանդամների ունեցած արտոնությունների և այլ հարցերի վերաբերյալ Շիրակի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից պարզաբանումներ չեն տրամադրում՝ պատճառաբանելով, թե պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

ՀՀ-ում ոտնահարվում են նաև անվճար դեղեր ստանալու իրավունք ունեցող հիվանդների իրավունքները: Նրանցից ոչ բոլորը կարող են լինել հաշմանդամության կարգ ունեցող անձինք, սակայն կարող են տառապել տարբեր հիվանդություններով:

Այսպես, ՀՀ-ում առկա մշտական բնակչության թվաքանակից, որը կազմում է 2.972.900 մարդ, 247.000-ը կամ բնակչության 8.30 տոկոսը հիվանդ է սրտանոթային հիվանդություններով:

Արդյո՞ք սրտանոթային տարբեր հիվանդություններով տառապողների մեծամասնությունը հիվանդության նախնական փուլում պոլիկլինիկաներից ստանում է իրենց համար հասանելի անվճար դեղորայքը, իրազեկվա՞ծ են նրանք այն մասին, որ կարող են նաև անվճար դեղեր ստանալ: Իհարկե ոչ, քանի որ անվճար դեղերի ցանկը մեծամասամբ փակցված չէ պոլիկլինիկաներում, բացի այդ, օրենքով նման բան նախատեսված էլ չէ, իսկ ընդհանուր դեղերի ցանկը, որոնք մեծամասամբ փակցված են պոլիկլինիկաներում և հաստատված է ՀՀ օրենսդրությամբ, վերաբերում է ՀՀ-ում առկա հիմնական դեղերին:

Մինչդեռ գործնականում հիմնական դեղերի հսկայական ցանկն ընթերցելը հիվանդներին ոչինչ չի տալիս: ՀՀ առողջապահության համակարգում նմանատիպ խնդիրները միշտ առկա են եղել: Պետպատվերի հետ կապված՝ ՀՀ ԱՆ-ի կողմից բուժհիմնարկներին պետպատվերի շրջանակներում հատկացվող գումարները կա՛մ ուշ և ոչ լիարժեք են տրամադրվում, կա՛մ տվյալ բուժհաստատությունը ոչ ճիշտ է տնօրինում նախարարության հատկացրած գումարը: Երբեմն էլ լինում են դեպքեր, երբ անվճար բժշկական ծառայություններից օգտվողների թիվը գնալով ավելանում է, և պետպատվերի շրջանակներում հատկացվող գումարները չեն բավականացնում:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս