«Յուրաքանչյուր հայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգևորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր». Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին:
«Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ և հյուրեր,
Սիրելի՛ ազատամարտիկներ,
Իմ սիրելի՛ մարտական ընկերներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մեր բոլոր զինակից ընկերներին, նրանց հարազատներին և մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում:
Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ եմ, որ դուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով և իրար նեցուկ կանգնելով:
Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները:
Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին և քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել, և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Իր արդար պայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին: Այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուր հայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգևորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր:
Փառք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծեցին: Մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրող հերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում և այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան:
Կրկին ջերմորեն ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ միությանը մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և համայն հայության: Փառք Արցախի ազատամարտիկներին, փառք ձեր խիզախությանն ու սխրանքին»,- ասաց նա: