«Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար». Մխիթարյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մանրամասներից:
«Երբեմն նոր թարմություն է պետք: Լավագույն պահն էր ինձ համար, քանի որ որոշ հանգամանքներ չէին աշխատում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: 29 տարեկան եմ և ուզում եմ ավելի շատ խաղալ, տարիներ անց կավարտեմ կարիերաս: Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար: Կարողացել եմ շատ բան սովորել իմ նախորդ մարզիչներից` Կլոպից և Մոուրինյոյից: Բայց ուզում եմ շատ բան սովորել նաև Արսեն Վենգերից»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «ESPN Brasil»-ը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել: