Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ փետրվարի 11-ին ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին և ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: «Հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը՝ Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և Սուրբ Հոգու մխիթարություն շնորհել նրանց բարեկամներին», – նշել է Նորին Սրբությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է, որ Աստված խաղաղ և անվրդով պահի և պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին։