«Էսպանյոլի» երկրպագուներն այլևս չեն այցելի մարզադաշտ՝ Շակիրայի մասին պաստառի պատճառով
«Էսպանյոլի» երկրպագուները տուգանվել են ֆուտբոլիստ Պիկեի կնոջ՝ Շակիրայի մասին պաստառի պատճառով: 22-րդ տուրում ակումբի մարզադաշտում բացվել է մեծ պաստառ, որի վրա գրված էր՝ «Shakira es de todos» («Շակիրան պատկանում է բոլորին»):
«Էսպանյոլը» գտել է պաստառի հեղինակներին և արգելել է նրանց այցելել ակումբի տնային խաղերին, ինչպես նաև տուգանել է 24 հազար եվրոյով:
«Մենք ցավում ենք այդ պաստառի համար: Մենք չենք իմացել դրա գոյության մասին և տեսել ենք այն միայն խաղադաշտում հայտնվելուց հետո»,- նշել է ակումբի նախագահ Խուան Կոլետան:
Հիշեցնենք, որ «Էսպանյոլի» երկրպագուները և Պիկեն կոնֆլիկտ ունեն: Ֆուտբոլիստը նշել էր, որ «Էսպանյոլը» թիմ է Կորնելյայից: Կորնելյան Բարսելոնայի մոտ գտնվող փոքրիկ քաղաք է, որն անմիջապես չի մտնում Բարսելոնայի կազմի մեջ: Այսպիսով Պիկեն ընդգծել է, որ չի ընդունում մրցակցին՝ որպես կատալոնական ակումբ: Բացի այդ, կատալոնական դերբիից հետո Պիկեն գոլ էր խփել և ցուցամատով փակել էր բերանը՝ լռեցնելով երկրպագուներին:
«Շատ երկրպագուներ երկար ժամանակ այստեղ վիրավորում են ինձ և իմ ընտանիքին: Ես պարզապես հասկացրի նրանց, որ պետք է հարգալից լինել, գուցե ես պետք է չանեի դա: Ես գիտեմ «Էսպանյոլի» շատ լավ երկրպագուների: Գուցե իմ ժեստը պետք է ուղղված լիներ այն մարդկանց, ովքեր ղեկավարում են ակումբը և չեն հետևում իրենց երկրպագուների պահվածքին»,- նշել էր Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան