«Արմենին ճանաչում եմ երկար տարիներ. ծանոթ եմ նրա շատ հատկանիշներին. նա ուժեղ առաջնորդ է». Արա Դարզի

Բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ Արա Դարզին ՀՀ նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու ՀՀԿ-ի կողմից առաջարկված Արմեն Սարգսյանին համարում է այն մարդը, որը լիակատար կերպով համապատասխանում է Հայաստանի նախագահի պաշտոնին: Այս մասին Դարզին նշել է հատուկ տեսաուղերձում:

«Ուրախ էի իմանալ, որ Արմեն Սարգսյանն առաջադրվել է մեծ ներուժ ունեցող՝ Հայաստանի նախագահի պաշտոնին: Արմենին ճանաչում եմ երկար տարիներ: Ծանոթ եմ նրա շատ հատկանիշներին. նա ուժեղ առաջնորդ է, մի անձ, ով նախկինում ներգրավված է եղել քաղաքականության մեջ: Նա անկեղծ, մշտապես հարգանքի և վստահության արժանի անհատ է: Հետևաբար կարծում եմ, որ ֆանտաստիկ հնարավորություն կլինի, եթե նա ստանձնի այդ պաշտոնը»,- ասել է Լորդ Արա Դարզին:

Նա ընդգծել է, որ ցանկացած նախագահի հատկանիշները չափազանց յուրահատուկ են, և Արմեն Սարգսյանը մեկն է, ով համապատասխանում է այդ հատկանիշների զգալի մասին:

«Նա նախկինում ի ցույց է դրել առաջնորդության իր հատկանիշները, մեծ բարոյականության ու արժեքների տեր մարդ է: Կարծում եմ, որ Հայաստանի սահմանադրական փոփոխություններից հետո նա այն անձն է, ով շատ լավ կհամապատասխանի նախագահի պաշտոնին: Նա այնտեղ է լինելու՝ աջակցելու գործադիր մարմնին, վերահսկելու գործառույթները, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը լայնորեն ներկայացնելու ողջ աշխարհին, սփյուռքը ներգրավելու, քանի որ, ինչպես գիտենք, ավելի շատ հայեր են բնակվում արտերկրում, քան Հայաստանի ներսում: Հետևաբար կարծում եմ դա կարևոր դերակատարություն է, և նա ունի բոլոր հատկանիշները՝ գործի դնելու իր ուժերն այդ պաշտոնում»,- եզրափակել է Դարզին:

Արա Դարզին (Արա Վարդգես Դարզի) բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ է։ Նա համարվում է աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկը, ղեկավարում է Լոնդոնի կայսերական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնը։ Նա մասնագիտանում է ռոբոտների միջոցով նվազագույն միջամտությամբ վիրահատությունների և վիրաբուժությունում նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում, այդ թվում լապարոսկոպիկ վիրաբուժության բնագավառում։ Նրան միջազգային ճանաչում են բերել նաև անգլիական Առողջապահական համակարգի բարեփոխումներին և համաշխարհային առողջապահական համակարգում նորամուծությունների ներդրմանն ուղղված աշխատանքները։

Իր գիտական աշխատությունների համար 2001թ. նա պարգևատրվել է Թագուհու ամենամյա մրցանակով, իսկ 2006թ. նա և նրա ղեկավարած բաժանմունքն արժանանում են Հետազոտությունների ոլորտում գերազանցության մրցանակով` վիրաբուժական ռոբոտների վերաբերյալ ուսումնասիրության համար։

Արա Դարզին տարբեր առիթներով այցելել է Հայաստան, կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ հայ բժիշկների համար, կատարել է մի շարք լապարոսկոպիկ վիրահատություններ, Հայաստանի որոշ հիվանդանոցներին տրամադրել է սարքավորումներ։

Տեսանյութեր

Լրահոս