ՄԻԵԴ վճռով ՀՀ-ից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին». Ա. Արզումանյան. tert.am
ՄԻԵԴ վճռով Հայաստանի իշխանություններից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Դատարանի կողմից տրամադրված նյութական փոխհատուցումն ունի բացառապես խորհրդանշական նշանակություն, քանի որ ինձ համար կարևոր էր ոչ թե վճռի նյութական կողմը` Հայաստանի Հանրապետությունից գումար պահանջելը և ստանալը, այլ բարոյական կողմը` այն, որ ինձ կալանավորել էին առանց պատշաճ հիմնավորման: Համենայնդեպս ես վստահ եմ, որ այս վճիռը ևս կծառայի մեր երկրում արդարադատության մակարդակի բարձրացմանը»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրել է 2007 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:
Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի տակ պահելու հանգամանքին:
Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա:
Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին։ Նա ազատ է արձակվել նույն տարվա սեպտեմբերին՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: