«Մարդիկ կան, որ մտածված Հայաստանի գյուղատնտեսությունը փորձում են ավերակների վերածել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե տեղական շուկայում ՌԴ Կրասնոդարի շրջանի կաղամբը, լոլիկը, ձմերուկն ու այլ գյուղմթերք հայտնվի, չզարմանաք: «Փաստ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Վերջինիս խոսքով՝ պատճառը հեղուկ վառելիքի շուկայում գրանցված թանկացումներն են: Հունվարի 1–ից 1 լիտր դիզվառելիքի գինը բարձրացել է մոտ 60 դրամով: Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացնելու:
«Հետաքրքիրը նաեւ այն է, որ բենզինը 30 դրամով է թանկացել, իսկ դիզվառելիքը՝ 60-ով: Հարց է, թե ինչու դիզվառելիքն այդքան պետք է թանկանար: Մարդիկ կան, որ մտածված Հայաստանի գյուղատնտեսությունը փորձում են ավերակների վերածել»,- ասաց նա:
Հրաչ Բերբերյանն այստեղ դիտավորություն է տեսնում: Թանկացումների պատճառով հողագործը կդադարի հող մշակել, տեղական արտադրության բացն էլ ներմուծածով կլրացնեն:
«Ռուսաստանի այսօրվա վիճակից ելնելով՝ Հայաստանի 2 միլիոնանոց շուկան նրա համար էլի նշանակություն ունի: Այնպես են անում, որ հայ ֆերմերը գնա եւ իրենց հողերը մշակի: 10000 դրամով ամեն ինչ անում են, որ հայ գյուղացուն երկրից հանեն: Կառավարությունը շատ լավ նվեր է պատրաստել գյուղացու համար: Ասում է՝ սուբսիդավորում ենք կատարում գյուղացու համար, նրա կողքին ենք, բայց իրականում ոչինչ էլ չեն կատարում: Մի քանի գյուղացի օգտվում է սուբսիդավորված վարկերից: Մի քանի գործարաններ եւս օգտվում են ցածր տոկոսներով վարկերից: Այդ սուբսիդավորված վարկերը գնում են բանկերին, նրանք արտոնյալ վիճակում են գտնվում եւ հարկատուների գումարներով բանկերը փող են աշխատում»,– նկատեց նա:
Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ այս տարի գյուղատնտեսությանն ավելի շատ կվնասի արդեն թանկացած դիզվառելիքը: Գյուղատնտեսի կանխատեսմամբ՝ կբարձրանա ցորենի, խաղողի եւ մյուս պտուղ-բանջարեղենի ինքնարժեքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: