Շարմազանովն արձագանքել է ՀՀ Նախագահի մոտ կայանալիք խորհրդակցությանը չմասնակցելու Փաշինյանի կոչին

Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը դրական չի արձագանքում ՀՀ Նախագահի մոտ Ազգային ժողովի խորհրդի մասնակցությամբ խորհրդակցությանը չմասնակցելու վերաբերյալ խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչին:

«Ես` որպես Ազգային ժողովի փոխնախագահ և խորհրդի անդամ, դրական չեմ արձագանքում պարոն Փաշինյանի կոչին: Եվ ոչ թե նրա համար, որ ինքն ընդդիմադիր է, իսկ ես իշխանության ներկայացուցիչ, այլ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի ասածը արդարացված չէ: Հայաստանի Հանրապետության Նախագահը ըստ Սահմանադրության` պետության գլուխն է: Այսինքն, Հայաստանի Հանրապետության Նախագահը իրավունք ունի իր մոտ հրավիրել թե գործադիրի ներկայացուցիչներին, թե պատգամավորներին, և մեր պարտականությունն է մասնակցել այդ խորհրդակցություններին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ինքը` որպես Ազգային ժողովի խորհրդի անդամ, գնալու և մասնակցելու է Նախագահի մոտ կայանալիք խորհրդակցությանը ոչ թե նրա համար, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմի անդամն է, այլ նրա համար, որ Նախագահը պետության գլուխն է, և իրենք պարտավոր են գնալ և հանդիպել նրա հետ:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե խորհրդարանական երկրում պատգամավորների հետ հանդիպել ցանկացողները իրենք պետք է գան խորհրդարան` Շարմազանովը նշեց. «Եթե պարոն Փաշինյանը շատ է ցանկանում հանրապետության Նախագահին տեսնել խորհրդարանում, հիշեցնեմ, որ անցած տարվա մայիսին Նախագահը խորհրդարանում է, բացման նիստին հանդես եկավ ծրագրային ելույթով, սակայն Նիկոլ Փաշինյանի դաշինքը չմասնակցեց այդ նիստին»:

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահի հրավիրած խորհրդակցությունը իրավական է, և իրենք պարտավոր են գնալ և մասնակցել դրան: «Խորհրդարանական երկիր լինելը չի նշանակում, որ խորհրդարանը պետք է բոլորին իր մոտ հրավիրի»,- հավելեց նա:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի խորհրդի անդամներին կոչ է արել չմասնակցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցությանը` պատճառաբանելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և խորհրդակցությունները պետք է կայանան խորհրդարանում:

Տեսանյութեր

Լրահոս