
Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներն այցելել են ՄԱՀՀԻ

Երեկ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում հյուրընկալվեցին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Թուրքիայում ԻԻՀ նախկին դեսպան պարոն Ալի Ռեզա Բիքդելին, ԱԳՆ Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ փորձագետ, տնտեսական և էներգետիկ ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրությունների խմբերի ղեկավար պարոն Մոհսեն Փաքփարվարը, Հայաստանում ԻԻՀ դեսպանության քարտուղար պարոն Աբաս Ղորբանին:
ՄԱՀՀԻ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին Ինստիտուտի հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և իրանագետ Արմեն Վարդանյանը:
Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի ու զարգացումների վերաբերյալ՝ կենտրոնանալով տարբեր ոլորտներում Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման ու զարգացման հեռանկարների ու հնարավորությունների վրա:
Այդ համատեքստում քննարկման առարկա դարձան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ու Իրանում համանման կենտրոնների, մասնավորապես ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի միջև համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:
Կողմերը պարբերաբար հանդիպելու ու երկկողմ հետաքրքրության հարցեր քննարկելու շահագրգռություն և պատրաստակամություն հայտնեցին:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն