Շուկայում հայտնված վիճահարույց բրինձն անվտանգ է. այն զիջում է միայն որակական առումով
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում պլաստիկ բրինձ չի հայտնաբերել: Իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն ասաց, որ քաղաքացիների ահազանգից հետո ՍԱՊԾ աշխատակիցները եղել են տեղում, նմուշառում կատարել: Բրնձի նշված խմբաքանակի մի մասը տեղափոխվել է լաբորատոր փորձաքննության, մյուս մասը ի պահ է տրվել խանութին: Բրինձն արտադրվել էր Ռուսաստանի Դաշնությունում եւ հանդիսանում էր առաջին կարգի բրինձ: Արտադրանքի նմուշառում իրականացվել է նաեւ հավանական արտադրանքի իրացման պահեստից:
«Բոլոր հավանական ու անհավանական մեթոդներով մենք փորձել ենք պարզել, բրինձն անվտանգ է, թե ոչ: Փորձաքննությունները ցույց են տվել, որ այն բացարձակապես անվտանգ է: Մեր լաբորատոր փորձաքննությունների կենտրոնում մենք նույնիսկ 10-ից ավել տարբեր տեսակի բրինձներ ենք այրել եւ արդյունքում բացառել դրանց սինթետիկ ծագումը»,-ասաց նա:
Վահե Դանիելյանի խոսքով`բրինձը միայն որակական չափանիշերով էր անհամապատասխան, այն ցածրակարգ էր:«Լաբորատորիայում նաեւ եփել ենք բրինձը: Ես ինքս համտեսել եմ: Բրնձի մեր կողմից նմուշառված խմբաքանակից որոշակի հոտ կար, բայց դա պայմանավորված էր ապրանքի պահման պայմանները խախտելու հետ»,-հավելեց բանախոսը: