Հունվարի 1-ից ներմուծման նոր արգելք կգործի. մեքենա ներկրելը 3-րդ երկրից անհնար կդառնա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբբացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն, եթե քաղաքացին Ճապոնիայի ավտոշուկայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնել եւ տեղափոխում է Հայաստան, որպեսզի վաճառի, ապա սահմանային անցակետում ներմուծումը կարգելվի:

Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը:

– Պարոն Աբգարյան, խնդրում եմ ասել, ո՞րն է բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

– Եթե խոսակցականով ասենք, ապա զուգահեռ ներկրման դեպքում բացառիկ իրավունքի սկզբունքը հետեւյալն է՝ յուրաքանչյուր երկրում ապրանքային նշանի իրավատերն ունի բացառիկ իրավունքներ: Բացառիկ իրավունքների մեջ մտնում է այլ անձանց՝ իրենց ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումն արգելելը: Այսինքն՝ առանց իր թույլտվության, իր ապրանքային նշանի ներկրումն արգելելը: Բացառություն է, եթե երրորդ անձինք այլ երկրներում օրինական կերպով ձեռք են բերել իրավատիրոջ ապրանքային նշանով մակնշված արտադրանքը, եւ ներկրում են այն երկիր, որտեղ իրավատերն իրավունք ունի: Այս պահին արդեն փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախկինում իրավատերն իրավունք չուներ արգելելու օրինական ձեռքբերված ապրանքի ներմուծումը, հիմա տարածաշրջանային սկզբունքի ներդրման պարագայում՝ իրավատերն արդեն իրավունք ունի արգելել 3-րդ անձանց իր ապրանքային նշանով մակնշված արտադրանքը ներկրել, եթե այն ձեռք է բերվել ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններից դուրս:

– Օրինակ կբերե՞ք:

– Եգիպտոսից ներկրելու դեպքում, օրինակ, իրավունք ունի արգելել: Առանձին թույլտվությամբ իրավունք ունի ներկրել:

Ես հիմա երկու օրինակ բերեմ, դուք ասեք՝ խախտո՞ւմ է այդ դեպքը, թե՞ ոչ: Օրինակ 1-ին՝ քաղաքացին գնում է «Մերսեդես բենս» տեսակի ավտոմեքենաներ ՌԴ-ից, որոնք ներկրվում է ՀՀ: Մեքենաները գնվում են շուկայից եւ ոչ թե պաշտոնական ներկայացուցչությունից, իսկ Հայաստան բերվում են՝ վաճառքի նպատակով: Քաղաքացուն պատասխանատվություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

Այս դեպքում պատասխանատվության մասին չի խոսքը: Իրավատերը չի կարող արգելել ներմուծումը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկից է ներկրումը կատարվել:

Օրինակ 2-րդ: Քաղաքացին Ճապոնիայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնում, ապա ներկրում է Հայաստան: Այդ դեպքում Երեւանում «Միցուբիշի»-ի ներկայացուցիչը քաղաքացու համար արգելք կստեղծի՞:

Իրավունք ունի արգելել սահմանից ներմուծումը: Այդ դեպքում նույն «Միցուբիշի» ընկերությունն իրավունք ունի արգելել ներմուծումը: Ճապոնիայից կլինի, թե Եգիպտոսից կամ Գերմանիայից, իրավատերն իրավունք ունի արգելելու ներմուծումը:

– Երրորդ օրինակը բերեմ՝ «Սինկերս» տեսակի շոկոլադների ներկրումը: Քաղաքացին շոկոլադները գնել է Մոսկվայից, ներկրել է Երեւան: Ապրանքանիշի իրավատերը Երեւանում ներկայացուցչություն ունի, կարո՞ղ են արգելել ներկրումը:

Ոչ, չեն կարող արգելել: Դուք կարող եք ցանկացած տեսակի ապրանքային նշանի օրինակը բերել: Կարող է լինել «Սնիկերս», կարող է լինել կահույք եւ այլ հայտնի ապրանքային նշան, որի ներքո արտադրվում է կոնկրետ ապրանք, յուրաքանչյուրն իրավունք ունի, եթե ԵԱՏՄ անդամ երկրներից չի օրինական ձեռքբերվում, այլ երկրներից է ներկրվում, բոլորն իրավունք ունեն սահմանից արգելել ներմուծումը: Զուգահեռ ներկրումը դա է: Այս պարագայում, դա սահմանափակված է: Ընկերության ներկայացուցիչն իրավունք ունի գրանցվել սահմանային անցակետում, եւ արգելել ներկրումը այլ երկրներից: Բացառության են կազմում ԵԱՏՄ անդամ երկրները:

– Այդ ռեեստրը կամ գրանցամատյանն արդեն կա՞, թե՞ ապրանքային նշանի իրավատերը պետք է դիմի մաքսայինին, այդ գրանցամատյանում գրանցվելու համար, որպեսզի կարողանա արգելելու պահանջ ներկայացնել:

Դա իրավատերերի նախաձեռնությունն է, իրենք են դիմում իրավասու մարմնին, որպեսզի գրանցվեն գրանցամատյանում, որից հետո մաքսայի մարմինները համապատասխան գործառույթ իրականացնեն:

– Ո՞րն է ձեր կարծիքն այս նորամուծության հետեւանքների վերաբերյալ: Արդյո՞ք ներկրման վրա բացասական ազդեցություն չի ունենա:

Գործակալությունը նման ուսումնասիրություն չի կատարել, եւ տնտեսական հետեւանքների հարցը մեր իրավասությունների մեջ չի մտնում: Ճիշտ է, կան անձինք, որ ասում են դրական ազդեցություն կունենա, կան անձինք, որ հակառակն են ասում: Այս պահի դրությամբ, համենայնդեպս, մենք ուսումնասիրություն չենք անցկացրել եւ չենք կարող ասել, թե ոնց կլինի: Խոշոր ներկրողները ողջունել են դա, ասում են՝ դրական է, կան անձինք, որ ասում են՝ ոչ:

– Ապրանքային նշանի նկատմամբ հեղինակային իրավունքի իրացման այս դրսեւորումը մյուս տնտեսական միություններում է՞լ է այսպես կիրառվում: Օրինակ՝ ԵՄ-ում կա՞ նման արգելք:

– Իհարկե: Նույն սկզբունքը գործում է Եվրոպական միության տարածաշրջանում: Զուգահեռ ներկրումը նաեւ իրենց մոտ է սահմանափակ գործում: Նույն իրավիճակն է նաեւ ԵՄ-ում:

– Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ առանց ապրանքային նշանի տիրոջ թույլտվության ներկումը քրեորեն պատժելի է: Քրեական օրենսգրքում դա ամրագրելու գործընթացը սկսվե՞լ է:

Ես չեմ կարող ասել զուգահեռ ներկրումը քրեորեն պատժելի է, թե՝ չէ: Այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չունեմ: Դա իրավունք է, որից օգտվում է իրավատերը՝ արգելելով ներմուծումը: Մաքսային մարմնի միասնական գրանցամատյանում գրանցվում է, որի առկայության դեպքում սահմանային մաքսավորներն արգելում են ներմուծումը:

Նշենք, որ այս սկզբունքի կիրառումը հղի է բազմաթիվ բացասական հետեւանքներով: Ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցողները կարող են արգելել զուգահեռ ներմուծումը եւ դա բերի ապրանքների թանկացման»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս