ԿԺԴՀ-ն հայտարարել է կորեական պատերազմի անխուսափելիության մասին
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից համատեղ անցկացվող ընդգրկուն զորավարժությունները եւ ամերիկացի պաշտոնյաների արած վերջին հայտարարություններն այն բանի վկայություններն են, որ Վաշինգտոնը պատրաստվում է հարված հասցնել ԿԺԴՀ-ին: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այդ թշնամական ռազմաշունչ հայտարարությունները չեն կարող դիտարկվել այլ կերպ, քան նախազգուշացում այն մասին, որ մենք պետք է պատերազմի պատրաստվենք Կորեական թերակղզում»: Դիվանագտեը նշել է, որ «այժմ մնում է միայն մեկ հարց՝ երբ է սկսվելու պատերազմը»: «Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եւ չենք թաքնվելու դրանից»,- հավելել է նա:
Դեկտեմբերի 4-ին մեկնարկել են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային վարժանքները, որոնց մասնակցում են հարյուրավոր ինքնաթիռներ: Զորավարժությունները դարձել են դաշնակիցների պատասխանը ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը: Vigilant Ace անվանումը կրող վարժանքները կշարունակվեն հինգ օր: Դրան մասնակցում են 200-ից ավելի ինքնաթիռներ, այդ թվում՝ ամերիկյան F-22 վեց կործանիչ, ինչպես նաեւ B-1B գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ: Վարժանքներում գործի կդրվեն ԱՄՆ-ի 12 հազար զինծառայողներ:
Փենյանն ավելի վաղ այդ զորավարժությունները որակել է «ԿԺԴՀ-ի դեմ ուղղված բացահայտ համապարփակ սադրանք, որը ցանկացած պահի կարող է վերածվել միջուկային պատերազմի», եւ «գործողություն, որն արագացնում է նրանց (ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի) ինքնաոչնչացումը»:
Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: