ԱՄՆ-ի քաղաքացիները նախազգուշացվել են Իսրայելում դեսպանատան տեղափոխման հետ կապված վտանգի մասին
Մի ամբողջ շարք պետություններում ԱՄՆ-ի դեսպանությունների աշխատակիցները դեկտեմբերի 6-ին արտասահմանում գտնվող ամերիկացիներին հայտնել են նրանց անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով: Այս մասին ասված է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնական կայքերում:
Այդ հայտարարություններով հանդես են եկել, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Բելառուսում գործող ԱՄՆ-ի դեսպանությունները: Դրանց ներկայացուցիչները նշել են, որ Թրամփի որոշումը «կարող է առաջացնել բողոքներ, եւ դրանցից մի քանիսը կարող են հանգեցնել բռնության»: Համանման նախազգուշացումներ են զետեղված Աֆղանստանում, Իսրայելում, Հորդանանում եւ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունների կայքերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: