Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր. ձեռքբերումներ և շարունակական ջանքեր
Դեկտեմբերի 3-ին նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է անդրադարձ կատարել այն ձեռքբերումներին ու ներդրմանը, որ ունեցել են Հայաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու հարցում: Նրանց ներդրումը հասարակության մեջ դրսևորվում է տարբեր ձևերով: Նրանք խորհրդարանականներ են, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ուսուցիչներ, իրավաբաններ, արվեստագետներ, աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներ:
Միջազգային ասպարեզում հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները հպարտությամբ ներկայացրել են իրենց երկրի մշակույթն ու ժառանգությունը և ի ցույց դրել իրենց ունեցած ձեռքբերումները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը:
Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1992թ.-ից նշվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն այս տարի ընթանում է «Դեպի կայուն ու կենսունակ հասարակություն՝ բոլորի համար» խորագրի ներքո: Հայաստանը՝ իր ստորագրությունը դնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ներքո, իր աջակցությունն է հայտնել այդ երկու փաստաթղթերում առաջ քաշված հիմնական սկզբունքների վերաբերյալ, այն է՝ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի համար պետք է ապահովված լինեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Դեսպանությունը խրախուսում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանմանն ու իրազեկության մեծացմանն ուղղված հետագա աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Համընդհանուր հասանելիության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ավելի մեծ ներդրում ունենալ հայաստանյան հասարակության, մշակույթի և տնտեսության ասպարեզում: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման մասին օրինագծի ընդունումը և իրականացումը Հայաստանում կդառնա այն միջոցներից մեկը, որով կառավարությունը կաջակցի երկրի բոլոր քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ու իրավունքների ապահովմանը: