Բաժիններ՝

««E-draft.am»-ն իշխանությունները դարձրել են Նազարի դրոշակ». Լրագրողական կազմակերպությունները պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ

«Լրագրողական հասարակական կազմակերպությունները լուրջ աշխատանքի առաջարկ են անում, իսկ բարձրաստիճան պաշտոնյան դա վերածում է լեզվակռվի, և դա փակուղի է ստեղծում և հնարավորություն չի տալիս իսկապես երկխոսություն ու համագործակցություն սկսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեղադրել էր քաղհասարակությանը ծուլության և անգործության մեջ՝ նշելով, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը դրված է եղել «e-draft»-ում, սակայն քաղհասարակության կողմից ոչ մի առաջարկ չի հնչել:

Ա. Մելիքյանի խոսքով՝ միգուցե իշխանության նպատակն է՝ վանել հասարակական կազմակերպություններին, բայց, ըստ նրա, դա առողջ գործընթաց չէ.

«Մենք մեծահոգաբար ժպտացինք այդ արտահայտության համար, որովհետև և՛ հանրությունը, և՛ լրագրողական հանրությունը, շատ լավ գիտեն, որ հեռարձակման ոլորտում Խոսքի պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և «Ինտերնյուզն» ամենաակտիվն են եղել ու բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես եկել: Այնպես որ, ովքեր ուզում են տեսնել աշխատանքը, տեսնում են:

Կարդացեք նաև

Այդ ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել և՛ նախագահական նստավայրում, և՛ խորհրդարանում, և՛ տարբեր նախարարություններում, որպեսզի մեր առաջարկություններն առաջ տանենք, սակայն՝ ապարդյուն»:  Բանախոսը նկատեց, որ իրենք, արդեն 7 տարի է՝ խոսում են, որ պետք է նոր օրենք ստեղծել՝ ժամանակակից պահանջներին համապատասխան, հակառակ դեպքում՝ ոլորտը կարող է «այս ճահճացման վիճակում էլ մնալ», և ժամանակակից մարտահրավերների պատասխանն այդպես էլ չգտնեն:

«Ցավոք, մենք ընդամենը 2017-ի նոյեմբերի 16-ին, երբ կառավարությունն արդեն հավանության արժանացրեց այդ օրինագիծը, միայն այդ օրն իմացանք, որ գործադիր իշխանությունն իր կողմից նոր օրենք է մշակել, և երեք լրագրողական կազմակերպությունները և լրագրողական հանրությունը դրանից անտեղյակ են եղել: Դա շատ տարօրինակ մոտեցում էր:

Մեզ որպես հակափաստարկ՝ բերեցին, որ այդ օրինագիծը դրված է եղել «edraft.am» կայքում: Մենք բացեցինք ու տեսանք, որ դա դրված է եղել մարտի 23-ից ապրիլի 7-ը քննարկման համար: Դուք հիշում եք, որ դա խորհրդարանական և ավագանու ընտրությունների ժամանակահատվածն էր, երբ ամբողջ լրագրողական հանրությունը զբաղված էր դրանով, և իսկապես մենք դա չենք նկատել»,- նշեց Ա. Մելիքյանը:

Նա նկատեց, որ ժողովրդավարությունը ենթադրում է, որպեսզի քաղհասարակությունն այդ գործընթացին ներգրավված լինի դեռևս իրավիճակի վերլուծության փուլից, ոչ թե՝ այն ժամանակ, երբ օրինագիծն արդեն պատրաստ է.

««E-draft.am»-ն իշխանությունները դարձրել են Նազարի դրոշակ, և այնտեղ երկու շաբաթ օրինագիծ տեղադրելով՝ ասում են՝ դրեցինք հանրային քննարկման: Դա հանրային քննարկում չէ: Ի վերջո, մենք մեր ալտերնատիվ օրինագիծն ունենք: Ես համոզված եմ, որ իշխանությունների համապատասխան օղակները, այդ թվում նաև՝ կարգավորող մարմինները, շատ լավ տեղյակ են մեր գործունեության մասին, ու գիտեն, որ մենք մեր առաջարկություններն ունենք: Եթե Դավիթ Հարությունյանը տեղյակ չի եղել դրա մասին, դա էլ իրենց խնդիրն է»:

Դիտարկմանը, թե՝ իշխանություններն ասում են՝ պատրաստ են լսել ձեր մտահոգությունները, Ա. Մելիքյանն այսպես արձագանքեց. «Մենք էլ պատրաստ ենք համագործակցել: Ստացվում է՝ մենք պատրաստ ենք և ունենք առաջարկություններ, իշխանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու, բայց հանդիպումը չի կայանում: Կարծես մեր տեղը չգիտեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս