«Չպետք է կարծել, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն ինչ-որ նվեր էր, որ տրվել է մեր երկրին Բրյուսելի կողմից». Քաղաքագետ

«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ թե՛ Հարավային Կովկասը, թե՛ հարակից շրջանները լուրջ վերափոխումների փուլում են գտնվում, ու այդ վերափոխումներն իրենց մեջ ինչպես՝ հնարավորություններ, այնպես էլ՝ սպառնալիքներ են ենթադրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ չպետք է կարծել, որ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը մի երևույթ է, որը խիստ անհրաժեշտ էր միայն Հայաստանին, և ինչ-որ նվեր էր, որ տրվել է մեր երկրին Բրյուսելի կողմից:

«Եթե մենք նայենք, թե ինչ գնահատականներ են հետևում, այդ թվում՝ նաև ԵՄ-ի պաշտոնյաների կողմից, կտեսնենք, որ բոլորի խոսքի հիմքում կա մի եզր, որը կոչվում է՝ տարածաշրջանային անվտանգություն: Թե՛ եվրոպական պաշտոնյաները, թե՛ տարածաշրջան այցելող այլ պաշտոնյաներ Հայաստանի մասին խոսում են՝ որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոնի, մի երկիր, որն անվտանգության է ձգտում, փորձում է խաղաղություն ստեղծել Հարավային Կովկասում, և, կարծես թե, արդեն իսկ օրինաչափ է դառնում, որ Հայաստանը մեր գործընկերների համար՝ կլինեն Արևմուտքում թե Արևելքում, հետաքրքիր է՝ հենց որպես անվտանգություն ստեղծող կամ անվտանգություն ապահովող մի երկիր: Այսինքն՝ հասել ենք մի իրավիճակի, որ այն գործառույթը, որը 2013 թվականից ՀՀ-ն միայնակ է իրականացնում մեր տարածաշրջանում՝ կանխելով Ադրբեջանի հնարավոր ագրեսիան և նաև էլ ավելի մեծ կոնֆլիկտների հնարավոր զարգացումը տարածաշրջանում, սկսել է քաղաքական գնահատական ստանալ»,- նշեց քաղաքագետը:

Հ. Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ մենք պետք է աշխատենք, որ մեր դերակատարումը՝ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի հիմնական երաշխիք, ամրապնդենք, և մտածենք «մեր այդ դերակատարումն արտաքին գործընկերներին հնարավորինս թանկ վաճառելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս