Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջինն է խմբում. ինչպիսի՞ն են հաջորդ փուլ դուրս գալու շանսերը

Եվրոպայի 2021թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում զիջեց Դանիայի հավաքականին: 1-ին փուլի 2-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը:

Նիկշա Բավցևիչի սաները մեկնարկային տուրում 80:63 հաշվով առավելության հասան Ալբանիայի նկատմամբ, իսկ հետո 71:78 հաշվով զիջեցին Դանիային:

Սակայն, պետք է նշել նաև, որ դանիացիները և ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում քիչ են անցկացրել:

Հաջորդ փուլ դուրս գալու համար Հայաստանի հավաքականին հաղթանակներ են պետք: Սակայն փոքր տարբերությամբ մեկ պարտության դեպքում անգամ հավաքականը հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունի: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշն ունեցող հավաքականը:

Հայաստանի հավաքականի մարզիչ Նիկշա Բավցևիչը նշում է, որ առաջին խաղերում Հայաստանի հավաքականում կային կադրային խնդիրներ՝ հավաքականին չէին կարողացել միանալ մի քանի կարևոր բասկետբոլիստներ: Բաց այդ, հավաքականը շատ կարճ ժամանակ է ունեցել մարզումներ անցկացնելու համար:

Ըստ մարզչի՝ Հայաստանի հավաքականն այժմ բավականին լավ թիմ ունի և կարողանում է ոտք մեկնել անգամ շատ բարձր խաղամակարդակ ունեցող թիմերի հետ:

Առաջիկայում խաղերն են Ալբանիայի և Դանիայի հետ: Մարզիչը հույս է հայտնում, որ Դանիայի ընտրանուն մրցակցի հարկի տակ կհաղթենք այնպես, ինչպես նրանք մեր ընտրանուն՝ այստեղ:

Նիկշա Բավցևիչի խոսքով՝ հավաքականում հիմա կա ռոտացիայի խնդիր: Օրինակ՝ Դանիայի հետ խաղում պահեստայինները կարողացան թիմի համար բերել 33  միավոր, իսկ Հայաստանի հավաքականի պահեստայինները՝ 4: Բացի այդ, պարբերաբար փոփոխվում է թիմի կազմը, ինչը շատ վատ է: Ամեն տարի խաղում են տարբեր բասկետբոլիստներ:

Նախընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի 2018 թվականի փետրվարի 25-ին՝ հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս