Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 211-ի
Առնվազն 211 մարդ է զոհվել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Press TV իրանական հեռուստաալիքը՝ հղում անելով Քերմանշահի նահանգի բժիշկներին, որտեղ առավել մեծ է զոհվածների թիվը: Մինչ այժմ փրկարարները փլատակներից դուրս են բերել զոհվածների 207 մարմիններ: Եվս չորս հոգի զոհվել է Իրաքի տարածքում։
Ավելի վաղ Fars News Agency գործակալությունը հայտնել էր 160-ից ավելի զոհվածների եւ ավելի քան 1600 տուժածների մասին:
Առավել շատ զոհեր ու ավերածություններ են գրանցվել Իրանի Քերմանշահի եւ Իլամի նահանգներում: Ստեղծված ճգնաժամային շտաբի տվյալներով՝ հենց դրանց է բաժին հասել տարերքի հիմնական հարվածը:
Իրանի նախագահ Հասան Ռոհունանին կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել է որոնողական ու փրկարարական գործողություններ:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, նահանգների օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, տուժածներին Թեհրան ուղարկելու համար պատրաստվել են 20-ից ավելի բանակային ուղղաթիռներ: Ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ նավթի ու գազի ենթակառուցվածքը, չեն տուժել:
Իրենց տները լքած բնակիչները գիշերել են փողոցում՝ զգուշանալով հետցնցումներից: Մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են 3,6-ից մինչեւ 4,7 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Սարպոլ է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: