Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը հիացրել է ռումին հանդիսատեսին
Ռումինական մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են այժմ Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանի/Ara Malikian՝ նոյեմբերի 7-ին Բուխարեստի հռչակավոր Սալա Պալատուլուի/Sala Palatului դահլիճում կայացած մենահամերգին, իսկ a1 հեռուստաընկերության «Բարի առավոտ» հաղորդումը համերգից մի քանի օր առաջ հյուրընկալել էր Մալիքյանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգը կրում էր «Ջութակի անհավատալի շրջագայություն» խորագիրը, ինչը նկարագրում է արտիստի կապը իր երաժշտական գործիքի հետ. ջութակը պատրաստում է իտալական Մոդենայի հմուտ վարպետներից մեկը, որը հասնում է մինչեւ Լիբանան, որտեղ երեքամյա Արան այն նվեր է ստանում հորից, նա էլ իր հորից, ինչը նրանց անբաժան է դարձնում եւ հիմք է դնում ժամանակի միջով եւ երաժշտության տարբեր ժանրերի համադրությամբ երաժշտական մի փառահեղ շրջագայության։ Վիրտուոզ կատարումներին զուգահեռ Մալիքյանը նույն վարպետությամբ մանրապատումների ձեւով հանդիսականին է ներկայացնում իր եւ իր ընտանիքի կյանքի ուղին` Հայոց ցեղասպանությունից, որը վերապրել է արտիստի պապիկը, մինչեւ Լիբանանյան մանկություն ու պատանեկություն, այնուհետեւ ուսումնառություն եւ հաստատում Եվրոպայում: Դահլիճը երկարատեւ հոտնկայս ծափահարեց, երբ արտիստը կատարեց իր իսկ ստեղծագործությունը, որ նա գրել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով եւ նվիրել երեկվա եւ այսօրվա բոլոր զոհերին ու տառապյալներին:
Հիշեցնենք, որ ռումին հանդիսատեսը մեկ անգամ արդեն հասցրել էր հիանալ Մալիքյանի տաղանդով, երբ 2016 թ. մայիսի 27-ին Արա Մալիքյանը ելույթ ունեցավ Բուխարեստում՝ տպավորելով իր հրաշալի ստեղծագործություններով, որոնց թվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915»-ը, Բախի ստեղծագործությունները, ռումինական ավանդական «Արտույտը» կամ Լեդ Զեփելինի «Քաշմիրը»։ Այդ ժամանակ Մալիքյանը գերել էր ռումին հանդիսատեսին ոչ միայն իր ոճով եւ մատուցմամբ, այլեւ այն խոստովանությամբ, որ նա շատ է սիրում ռումինական ավանդական երաժշտությունը. «Այն առանձնահատուկ է հատկապես ջութակահարների համար։ Շատ բուռն զգացումներ ունեցանք «Արտույտը» ներկայացնելիս, ու չգիտեմ՝ արդյո՞ք դա լավ ներկայացրինք, թե՞ ոչ», նշել էր Մալիքյանը։
Համերգի ընթացքում նշելով, որ լիբանանահայ է՝ Մալիքյանը ներկայացրել էր «1915»-ը եւ խոսել Ցեղասպանության մասին. «Այս ցեղասպանությունը մոռացված չէ։ Այն նույնիսկ ճանաչված չէ որոշ երկրների կողմից։ Դրա պատճառով է, որ դեռեւս տեղի են ունենում նման ոճրագործություններ։ Սիրիայում տեղի է ունենում ցեղասպանություն, եւ ոչ ոք ոչինչ չի կարողանում անել»։
Հենց նախորդ տարվա համերգի ժամանակ էր Մալիքյանը խոստացել, որ կվերադառնա Բուխարեստ։
Նոյեմբերի 7-ի համերգից հետո Արա Մալիքյանը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին եւ իրեն ողջունելու եկած հայերին խոստովանեց, որ փափագում է Հայաստան գալ համերգի եւ սպասում է այն պահին, երբ դա կհաջողվի:
Սալա Պալատուլույում Մալիքյանին նվագակցում էին Ումբերտո Արմասը/Humberto Armas (ջութակ), Հեկտոր Էլ Տուրկոն/Hector El Turco (թմբուկ), Կրիստինա Լոպեսը/Cristina Lopez (թավջութակ), Խորխե Գուիլեն Դել Կաստիյոն/Jorge Guillen Del Castillo (ջութակ), Տանյա Բերնաես Աբադը/Tania Bernaez Abad (կոնտրաբաս), Նանթա Կումարը/Nantha Kumar (հնդկական թմբուկ), Տոնի Կարմոնան/Tony Carmona (կիթառ)։