ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ

Օրերս Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան հետաքրքրական բացահայտում է արել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության մասին:

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեսպանը նշել է. «Մենք շարունակում ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար աջակցություն ցուցաբերել երկրների նախագահներին»: Սեկուտան նաև ընդգծել է, որ Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ:

«Մենք նրա հետ մտքեր ենք փոխանակել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել գործընթացը խթանելու համար: Միացյալ Նահանգներում նոր ադմինիստրացիայի իշխանության գալուց հետո որոշում է կայացվել, թե տվյալ գործընթացն ինչ ձևով է անհրաժեշտ շարունակել: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»,- նշել է դեսպանը` չմանրամասնելով, թե խոսքն ինչպիսի որոշումների մասին է:

Սեկուտայի բացահայտումն էլ ավելի ուշագրավ երանգներ է ստանում ամիսներ առաջ տարածված այն հաղորդագրության ֆոնին, որ ԱՄՆ-ը աջակցում է Արցախում «հնարավորինս արագ և հանգամանալից» ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Հիշեցնենք, որ պետքարտուղար Թիլերսոնը հաստատել էր Պետդեպի աջակցությունն առաջարկով, որը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ Էնգելը։

Օրենսդիրները կոչ էին արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը և կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։ Թիլերսոնն աջակցություն էր հայտնել կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Չիչիլլինի հարցումներին։

«Պետդեպը պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու և շփման գծին ու հայ-ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ-ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որը, մեր կարծիքով՝ կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,- պատասխանել էր Թիլերսոնը։ Պետք է նշել նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ նոր վարչակազմը լուրջ կրճատումներ է նախատեսում Պետդեպում, որոնք չեն շրջանցելու ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահի պաշտոնը:

«168 Ժամի» հետ զրույցում ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը փորձեց մեկնաբանել ԱՄՆ նոր վարչակազմի այս հակասական որոշումների տրամաբանությունը:

Ըստ Փոլ Գոբլի՝ Թրամփի վարչակազմը չի փոխելու իր նախանշած քաղաքականությունը և դրա ուղղությունները, որի էությունն այն է, որ Թրամփը կենտրոնանալու է ԱՄՆ-ի ներքին և ԱՄՆ-ի համար գլոբալ արտաքին քաղաքական խնդիրների վրա, անտեսելով հեռու տարածաշրջանները կամ դրանցում պահպանելով ԱՄՆ նախկին դերակատարությունը գուցե նույնիսկ պակաս չափով: Գոբլի խոսքով՝ այս պրիզմայով պետք է ընկալել այն կրճատումները, որոնք նախատեսվում են Պետքարտուղարությունում: «Ավելորդ ծախսեր նոր վարչակազմը չի ցանկանում, այն ուղղղությունները, որոնք անմիջականորեն ԱՄՆ-ին չեն վերաբերում, կկրճատվեն հնարավորինս շատ»,- ասաց դիվանագետը:

Ըստ նրա, ԱՄՆ գլոբալ արտաքին քաղաքականությունը, ինչպես տեսնում ենք, վարում է անձամբ Թրամփն ու պետքարտուղար Թիլերսոնը: «Սակայն Պետքարտուղարության համապատասխան բաժիններն ու վարչությունները զբաղվում են այն խնդիրներով, որոնք անմիջականորեն ԱՄՆ-ին չեն առնչվում, բայց առնչվում են ԱՄՆ շահերին ու տարածաշրջաններում ԱՄՆ ներկայացվածությանը, նոր վարչակազմի համար նման հարց է ԼՂ հակամարտությունը և կարգավորման գործընթացը, որն ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է դրա համար պատասխանատու պաշտոնյաների կողմից:

Սակայն գլոբալ նախաձեռնություններ, ինչպիսին Վիեննայի հանդիպումն էր անցյալ տարի, կամ Ջոն Քերիի միջամտությունները բազմակողմ հանդիպումներ կազմակերպելու համար, կարծում եմ, որ այս վարչակազմի օրոք չեն լինի, քանի որ հակասում են Թրամփի ծրագրին և մոտեցումներին: Դրամատիկ փոփոխություններ ես չեմ ակնկալում ԼՂ հակամարտությանը կարգավորման բանակցություններում ԱՄՆ-ի կողմից»,- ասաց Փոլ Գոբլը: Վերջինիս կարծիքով, պակաս ուշադրություն է լինելու ոչ միայն ԼՂ հակամարտությանը, այլև ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասին և մի շարք այլ տարածաշրջանների:

Սրան զուգահեռ՝ Գոբլի համոզմամբ, ԱՄՆ-ի մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ չեն փոխվել և առաջիկայում ևս չեն փոխվի, որի վառ ապացույցը Հոգլանդի տարածած հայտարարությունն էր ԱՄՆ մոտեցումների մասին: Դիվանագետի պարզաբանմամբ, հայտարարությունը տարածվեց մեկ նպատակով` ցույց տալու համար, որ ԱՄՆ-ը հավատարիմ է իր մոտեցումներին, այն նույն մոտեցումներին, որոնք արտահայտել են Ջեյմս Ուորլիքը և ԱՄՆ այլ համանախագահներ:

«Այս պահի Պետքարտուղարությունը ներկայիս քաղաքականությունը տեղին և արդարացված է համարում աշխարհաքաղաքական ներկայիս դասավորության դեպքում, ինչը ես այնքան էլ տեղին չեմ համարում, քանի որ այս քաղաքականությունից քաղաքական դիվիդենտներ քաղող կողմեր գուցե լինեն, թեև այսօր ես այդ հիմքերը չեմ տեսնում, բայց չեմ բացառում»,- ասաց Գոբլը՝ լիահույս լինելով, որ Պետքարտուղարությունում ուշադիր հետևում են ԼՂ հակամարտության շուրջ զարգացող իրավիճակին:

Վերջինիս համոզմամբ, ըստ իրավիճակի՝ այս քաղաքականությունը պետք է փոփոխվի: «Ամենահավանական իրավիճակն Ադրբեջանի կարևորության մեծացումն է Ռուսաստանի համար: Ադրբեջանն Իրան-Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության շնորհիվ ժամանակի ընթացքում էլ ավելի է կարևորվելու Ռուսաստանի համար, քանի որ կամուրջ է դառնալու դեպի Իրան, Ադրբեջանը չի միացել Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ-ին, սրանք ևս գուցե սակարկության առարկա դառնան Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերություններում և ԼՂ-ի խնդրում ռուսական դիրքորոշման հարցում:

Սա հատկապես արդիական է դառնում այն ժամանակ, երբ Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը փորձելու է բարձրացնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, պարզ է, թե նման հանդիպմանն ինչ թեմա է արծարծվելու, դրա մասին կարիք չկա խոսել, այդ ծրագրերի էությունը Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելն է և ոչ հավասարակշռված կարգավորումը: Տարածաշրջանում բեկումնային փոփոխությունների դեպքում Պետքարտուղարությունն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի իր համանախագահի միջոցով, իսկ մինչ դա կգործի Մինսկի խմբի օրակարգով»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Գոբլը:

Մեկնաբանելով Ռոբերտ Սեկուտայի հայտարարությունը` Գոբլն ասաց, որ խոսքը նոր որոշումների մասին չէ: Ըստ Գոբլի՝ խոսքը նախկին որոշումները կողմերին իրականացնել պարտադրելու մասին է:

«Պատահական չէ, որ այդ մասին խոսում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ամերիկյան կողմին հայտնի է, որ հետաքննական մեխանիզմների ներդրմանը խոչընդոտում է Ադրբեջանը, և Ադրբեջանը պետք է կատարի այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի մակարդակով: Առանց այս համաձայնությունների կատարման՝ ամերիկյան կողմը, և, կարծում եմ, մյուս բոլոր կողմերը հասկանում են, որ մոտ ապագայում համաձայնության այլ կետ չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի գոնե որոշակի վերահսկողության համար պետք է համաձայնություններն առարկայանան:

Կարծում եմ` Պետքարտուղարությունը սա է որոշել, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Թիլերսոնն աջակցում է այդ նախաձեռնությանը: Դա այսօր բանակցային գլխավոր նպատակն է, քանի որ բուն բանակցային գործընթացը փակուղում է, իսկ առանց որոշակի համաձայնությունների, կայունության ապահովման մեխանիզմների՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչպես ապրիլյան պատերազմի օրերին»,- ասաց Գոբլը` հերքելով խոսակցությունները Պետքարտուղարությունում նոր որոշումների մասին:

Վերջինիս հավաստիացմամբ, Թրամփի վարչակազմում փոփոխություններ կլինեն, եթե դավադրություններ մշակվեն ռուս-ադրբեջանական առանցքի կողմից` շրջանցելով Հայաստանը:

«Սակայն կարծում եմ, որ առաջիկայում նման փոփոխություններ չեն լինելու, քանի որ, ինչպես ակնարկեց Էրդողանը, Պուտինի ուշադրությունը կենտրոնացած է այլ հարցերի վրա, ինչից դժգոհ են Թուրքիան և Ադրբեջանը: Սակայն ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս