
Որքա՞ն գումար է վերադարձել ՀՀ բյուջե Ջենիֆեր Լոպեսի համերգից. ՊԵԿ-ի պատասխանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայացած համերգից հետո բյուջետային մուտքերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չունի։ Այս մասին կոմիտեց հայտնել են Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
Ավելի վաղ մենք Sputnik Արմենիան գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չէր հաշվել, թե որքան գումար կվերադառնա պետբյուջե համաշխարհային աստղի համերգի արդյունքում, որի համար իշխանությունները հատկացրել էին 6 մլն դոլար։ Միաժամանակ, նախարարությունում առաջարկել էին դիմել Պետական եկամուտների կոմիտե։
Կոմիտեից հայտնել են, որ շրջանառության հարկ վճարող սուբյեկտները հայտարարագրում են իրացման շրջանառությունը և հարկային վճարումները յուրաքանչյուր եռամսյակ, միկրոբիզնեսի սուբյեկտները՝ տարեկան, իսկ ԱԱՀ վճարողները՝ ամսական։
ՊԵԿ-ը նկատել է, որ նման համերգներից հետո տնտեսական տվյալների վերլուծությունը կարող է իրականացվել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ միջոցառումներից հետո բյուջետային մուտքերը որոշակի ժամանակ անց են երևում։ Սակայն, ըստ նրանց, նույնիսկ բյուջեում արտացոլվելուց հետո, դժվար է գնահատել մեկ միջոցառման ազդեցությունը հարկային մուտքերի աճի վրա։
«Միաժամանակ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների մատակարարման կամ դրանց ստացման դեպքում դուրս գրվող հարկային հաշիվներում և հաշվի վավերագրերում չի նախատեսվում անվանում։ Հաշվարկային փաստաթղթերում ծառայության մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների մատակարարման անվանումները լրացվում են հարկ վճարողների կողմից կամայականորեն։ Ուստի կատարված գործընթացները և դրանից առաջացած հարկերը հնարավոր չէ նույնականացնել ու վերագրել վերը նշված համակարգին»,– պարզաբանել է կոմիտեն։
Միաժամանակ, համեմատության համար, Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է դրամարկղային մեքենաների միջոցով գործարքների վերլուծության մակրոտնտեսական ցուցանիշները (ՊԵԿ-ը բանկային փոխանցումների տվյալներ չունի) օգոստոսի 27-ին (համերգից մեկ շաբաթ առաջ), ինչպես նաև 2024 թվականի օգոստոսի 4-ին (նախորդ տարվա օգոստոսի առաջին կիրակին)։
«Դրանք վերլուծության առումով առավել համադրելի են և կարող են պայմանավորված լինել նշված միջոցառմամբ»,–հայտնել է ՊԵԿ–ը։
Համաձայն ՊԵԿ-ի վերոնշյալ տվյալների՝ դրամարկղային մեքենաների միջոցով գործարքներից հարկային մուտքերը կազմել են`
3 օգոստոսի 2025 թ. (համերգի օրը)՝ 2,139,684 կտրոն, ֆիսկալ եկամուտ՝ 8,951 միլիոն դրամ (23.4 միլիոն դոլար):
27 հուլիսի, 2025 թ. (նախորդ կիրակի) – 1 722 833 000 կտրոն, ֆիսկալ եկամուտ՝ 6 788 մլն դրամ կամ 17,7 մլն դոլար (32%-ով պակաս)։
4 օգոստոսի, 2024 թ. (2024 թվականի օգոստոսի առաջին կիրակի) – 1 748 846 կտրոն, ֆիսկալ եկամուտ՝ 7 296 մլն դրամ կամ 19 մլն դոլար (23%-ով պակաս)։
Նշենք, որ շրջագայության շրջանակում Լոպեսը համերգներով հանդես է եկել նաև Ղազախստանում և Ուզբեկստանում։ Աստանայում և Ալմաթիում կայացած համերգները, պաշտոնական տվյալներով, բյուջեն համալրել են 1,6 մլն դոլարով։ Լոպեսի համերգը Տաշքենդում նպաստել է 3,3 մլն դոլարի հարկային մուտքերի։
Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ղազախստանի և Ուզբեկստանի, որոնք պետական գանձարանից ոչ մի կոպեկ չեն ծախսել, միջոցառման անցկացման համար պաշտոնապես բյուջեից հատկացրել են 6 մլն դոլար։
Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր