Որ դեպքում պետք է դատարանն անհապաղ քննի բողոքը, ովքեր կարող են հրաժարվել ցուցմունք տալուց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս փաթեթով նախևառաջ՝ փորձում են հստակեցնել քրեական դատավարության շրջանակներում բերված անձի դատավարական կարգավիճակը. «Բանն այն է, որ բերված անձը մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը գտնվում է բավականին անպաշտպան վիճակում։ Այստեղ նաև ժամային սահմանափակում մտցնելը (մենք նախատեսում ենք, որ բերված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ստանա ձերբակալվածի կարգավիճակ, հակառակ դեպքում պետք է ազատ արձակվի) լուրջ խթան է, որպեսզի պաշտպանենք այդ անձանց իրավունքները։
Բայց մենք օրենքով նախատեսում ենք նաև մի շարք իրավունքներ, որոնցից անձը պետք է օգտվի մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը։ Ձերբակալված անձն օգտվում է բավական լայն պաշտպանական իրավունքներից, բայց բերված անձը ևս պետք է օգտվի որոշակի իրավունքներից։ Մենք ֆիքսել ենք հետևյալ իրավունքները՝ իմանալ ազատությունից զրկելու պատճառը, պահպանել լռություն, ստանալ բանավոր պարզաբանում իր իրավունքների մասին, ստանալ իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հրավիրել փաստաբան և իր պահանջով բժշկական հետազոտության ենթարկվել։
Դրանով է պայմանավորված նաև մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելը»,- ասաց արդարադատության նախարարը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև ձերբակալման որոշման դատական բողոքարկման հստակ ընթացակարգ։ «Ընդ որում, նախատեսված է նաև արտառոց դեպք. երբ ներկայացվում է առերևույթ հիմք, որ կա վատ վերաբերմունքի վտանգ, դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ»։
«Երրորդ կարևոր փոփոխությունը պայմանավորված է մեզանում տիրող բավական ոչ բարվոք վիճակով, որը պայմանավորված է կալանավորման իրավակիրառական պրակտիկայով։ Գործող օրենքը նախատեսում է, որ անձի նկատմամբ կալանավորումը կարող է որպես խափանման միջոց կիրառվել այնպիսի հանցագործությունների համար, որոնց պարագայում ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և հետո շարունակում է՝ կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել մի շարք գործողություններ. խոսքը հատկապես վերաբերում է թաքնվելուն, նոր հանցանք կատարելուն։
Այս «կամ»-ն իրականում շատ բացում է դաշտը. մեկ տարուց ավելին կարծես թե ինքնուրույն հիմք է, և երկրորդ առանձին հիմքն է՝ կարող է թաքնվել և այլն։ Այդ «կամը» փոխելով «և»-ով՝ մենք էապես փոխում ենք իրավիճակը, որովհետև անհրաժեշտ է, որ նախևառաջ նախատեսվող պատիժը լինի մեկ տարուց ավելի, և միաժամանակ առկա լինի մյուս երկու հիմքերից որևէ մեկը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Արդարադատության նախարարը նշեց նաև, որ հստակեցվում է, թե դատավարության որ մասնակիցները որ դեպքում կարող են հրաժարվել ցուցմունք տալուց. Սահմանադրությունը նորովի է կարգավորել այս դրույթը, ինչն արտացոլվել է փաթեթում։ «Մենք հստակեցրել ենք, թե որոնք են համարվում քրեադատավարական օրենքի էական խախտմամբ ձեռք բերված ապացույցները. ապացույցները, որոնք ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, չեն կարող դրվել դատավճռի հիմքում»,- ասաց Դավիթ Հարությունյանը։