«Բանտ-բանակ ընկալումն այսօր նույնն է, և, ցավոք, ՀՀ-ն ի սկզբանե չփորձեց ստեղծել նոր բանակ». Ռուբեն Բաբայան
«Ես հողին կպած մարդ եմ ու հրաշալի հասկանում եմ, որ ձևականորեն կձևակերպվի, թե մարդը բանակում ծառայել է, ինչպես այսօր է դա լինում: Մարդիկ իրենց ժամանակն անցկացնում են Երևանի փաբերում ու դիսկոտեկներում, բայց ձևակերպվում է, թե բանակում են ծառայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխության և տարկետման իրավունքի վերացման մասին նախագծին՝ նման տեսակետ հայտնեց Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ արդարությունը հաստատվում է ոչ այդ օրենքով, ինչպես պնդում են օրենքի կողմնակիցները. «Այս օրենքը որևէ գործիք չի տալիս՝ բանակում հավասարություն ստեղծելու, կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից: Կարելի էր արդարություն հաստատել առանց այդ օրենքի, եթե լիներ ցանկություն, և վաղն այդ արդարությունը չի հաստատվի, եթե չլինի ցանկություն: Այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք բանակում, վերջին 20 տարվա արգասիքը չեն: Ես ծառայել եմ սովետական բանակում, և հոյակապ գիտեմ, որ այն ժամանակ էին նման բաներ կատարվում. և՛ «գժի թուղթ» էր ճարվում, և՛ շտաբում էին աշխատում: Մյուս կողմից, ասում են՝ կրթական համակարգը կկործանվի: Այնպիսի տպավորություն է, որ մեր կրթական համակարգը գործում է: Մեր կրթական համակարգն ահավոր վիճակում է, և ես սա ասում եմ՝ որպես դասախոս: Դպրոցների մասին էլ չեմ խոսում. մենք գիտենք, թե դպրոցներն ինչ գերագույն խնդիր ունեն իրենց առջև դրված՝ ընտրություններ, ուրիշ խնդիր չունեն»:
Ռուբեն Բաբայանն ասաց, որ մեր բանակը մեծ բարեփոխումների կարիք ունի. «Բանակը չպետք է ընկալվի՝ որպես մի կառույց, որտեղ դու երկու տարի կորցնում ես, սա պարզ է, և սրանով պետք է վաղուց զբաղվել: Մենք շարունակում ենք ունենալ սովետական հայկական բանակ՝ քրեական, կրիմինալ հարաբերություններով: Բանակը պետք է դառնա մեր երկրի բանակը, սերուցք՝ ինտելեկտի, գիտելիքի, որտեղ յուրաքանչյուր մարդ կկարողանա սովորել զինվորական մասնագիտություն, բայց շարունակելով իր ուսումը: Ես ունեմ հարցեր՝ իսկ ի՞նչ անել ստեղծագործական բուհերի ուսանողների հետ: Եթե ջութակահարը 10 տարի ջութակ նվագել է սովորում Չայկովսկու դպրոցում, հետո բուհ ընդունվում, և եթե նա 1 ամիս ջութակ չնվագեց, ապա կործանված է՝ որպես ջութակահար: Եթե մեկ անգամ մատները սառեցրեց, ապա արվեստում այլևս անելու գործ չունի: Կարո՞ղ է նա գնալ բանակ, կարող է, եթե բանակը չդառնա պատժախուց, երբ բանակը դառնա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար պատվավոր բան: Բանտ-բանակ ընկալումն այսօր նույնն է, և, ցավոք, ՀՀ-ն ի սկզբանե չփորձեց ստեղծել նոր բանակ»:
Բաբայանը բերեց Իսրայելի բանակի օրինակը. «Դուք գիտե՞ք՝ ինչ խնդիր է դրվում Իսրայելի զինվորի առջև, եթե նա գերի ընկնի. ամեն գնով պահպանել կյանքը: Ի՞նչ պետք է մատնես: Մենք չգիտե՞նք, թե ադրբեջանական բանակում շաբաթ օրը ճաշին ինչ են տալիս, թե՞ իրենք չգիտեն: Իսրայելի համար մեծագույն արժեքը կյանքն է, դա ուրիշ ձևով կառուցված բանակ է, դա բանակ է, որտեղ ջութակահարն ամեն օր կարող է իր դասերն անցկացնել, ավելին՝ համերգներ կազմակերպել»:
Ռուբեն Բաբայանն իր սեփական փորձը հիշելով՝ փորձեց ներկայացնել բանակում ծառայելու դրական կողմերը. «Ես ծառայել եմ սովետական բանակում, և այն ինձ որոշակի օգուտ տվեց: Ցածր դասի հրամանատար եմ եղել: Տարբեր ազգությունների մարդիկ էին հավաքված իմ հրամանատարության ներքո, և ես պետք է կարողանայի կազմակերպել աշխատանք և ոչ յուրայիններով: Ինչպես կարելի է համախմբել մարդկանց մեկ նպատակի շուրջ, ինձ բանակը սովորեցրեց: Սա նաև երկրի ղեկավարման խնդիրն է՝ ոչ թե թիմերի բաժանվել ու ոչ յուրայիններին վատ աչքով նայել, այլ՝ ինչպես անել, որ մեր գերագույն խնդիրը՝ պետականությունը, կարողանանք կայացնել, քանի որ բոլորիս անձնական երջանկությունը կախված է սրանից»: