Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմը կերկարաձգվի երեք շաբաթով. Թրամփ
Սպիտակ տանը Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շատ լավ են անցել, երկու երկրների միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին և Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսսան այսօր Օվալաձև աշխատասենյակում հանդիպել են Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հանդիպումը շատ լավ անցավ»,- գրել Է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կօգնի Լիբանանին «Հզբոլլահ» շարժման դեմ պայքարում:
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության հետ առաջիկա բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը մինչև միջազգայնորեն ճանաչված սահմաններ:
Անցյալ շաբաթԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի տասնօրյա ռեժիմը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ՝ բանակցությունների հաջող ընթացքի և Բեյրութի կողմից իր տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատման դեպքում:



