Համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում
«Ես լավատես եմ` եթե ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներն իրենց առավելագույնն են անում, ուստի կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ գագաթաժողովի ընթացքում, կամ դրան մոտ օրերին: Եթե ոչ, ապա վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի դրանից անմիջապես հետո»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
Ըստ նրա՝ եթե համաձայնագիրը հաջողությամբ վավերացվի, կարելի է անցում կատարել վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններին: Պինտոյի խոսքերով՝ ազատ վիզային ռեժիմը կհեշտացնի ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ ավելի շոշափելի դարձնելով հնարավորությունները: «Ես խոստանում եմ, որ ՀԵԲ-ը լուրջ ջանքեր կներդնի այս ուղղությամբ»,- ասել է Պինտոն:
Անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին՝ նա նշել է. «Շատերը ժամանակ էին խնդրում ավելի տարբերակված և ավելի ճկուն Եվրոպական Հարևանության քաղաքականության համար` հավատարիմ մնալով «ավելին՝ ավելիի դիմաց» սեփական սկզբունքին: Բոլորի համար ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր յուրահատուկ դեպք է, և երկրներին մեկ զամբյուղում տեղավորելու փորձերը, ամենայն հավանականությամբ, դատապարտված են ձախողման: Ներկայումս կարծում եմ, որ Հայաստանն իր նոր համաձայնագրով այդ «տարբերակման» և «ավելի ճկունության» լավագույն օրինակն է»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: