«Եթե ապահովվի զորահավաքի առնվազն մեկ քառորդի ներգրավում, 3 տարի հետո առաջնագծում կլինի 100 % հագեցվածություն»

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով արտոնությունների ձևական համակարգը փոխարինվել է բովանդակային արտոնություններով, մասնավորապես` ընտանեկան վիճակից ելնելով՝ հատուկ ծառայության պայմաններով քաղաքացիներիn (ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող ծնողներ ունեցող զինծառայողներ) կտրամադրվի 2 լրացուցիչ արձակուրդ, իսկ մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավումը հնարավոր է միայն իրենց ցանկությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Եթե նախկինում մենք ասում էինք, որ այդ կատեգորիան պետք է ծառայի տնից 150 կմ հեռավորությամբ շառավղով, և դա ոչինչ չէր նշանակում, որովհետև Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող զինծառայողը կարող էր հայտնվել առաջնագծում, այսօր մենք բովանդակային արտոնություն ենք տալիս նրանց»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե այնուհետև պատրաստ է ծառայելու որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ և ուսման վարձի փոխհատուցում, մեծածավալ փոփոխություններ են նախատեսվում զորակոչից ենթակա անձանց և զինծառայողների առոջղական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացում, մատչելի ծրագիր է գործելու սպայական կազմի համար հիպոթեքային վարկ ստանալու, մասնավորապես` սպան միայն վարկի մայր գումարն է մարելու, իսկ տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից և եկամտահարկի վերադարձի միջոցով գրեթե հավասարվելու են զրոյի, ավելին` մայր գումարի 10 % կանխավճարը հատուցելու է ՊՆ-ն:

«Այս նախագծերի փիլիսոփայությունը բանակը սոցիալական վերելակի վերածելն է: Այսինքն՝ նրանք, ովքեր ընտրում են 3 տարվա սպայական ծառայությունը կամ կամավորական հիմունքներով ընտրում են ավելի բարդ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայությունը, պետք է ստանան զգալի արտոնություններ և դրանք օգտագործեն իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար»,- ասաց Վ.Սարգսյանը:

Կարդացեք նաև

Նախարարի խոսքով` Դոսաֆում ուսուցում անցնող երիտասարդների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մոտ 25 % հետաքրքրություն կա «Ես եմ» ծրագրի նկատմամբ, իսկ ուսանողության շրջանում հետաքրքրություն կա «Պատիվ ունեմ» ծրագրի նկատմամբ: Նրա դիտարկմամբ` եթե ապահովվի զորահավաքի առնվազն մեկ քառորդի ներգրավում, 3 տարի հետո առաջնագծում կլինի 100 % հագեցվածություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս