Սոբչակի շտաբը գլխավորել է 1996 թվականին Ելցինի ընտրարշավի ղեկավարներից մեկը
ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող լրագրողուհի Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբի ղեկավար է դարձել մեդիա-մենեջեր Իգոր Մալաշենկոն՝ ՆՏՎ-ի հիմնադիրներից մեկը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես պատրաստ եմ ձեզ ներկայացնել իմ շտաբի պետին՝ Իգոր Մալաշենկոյին՝ 1996 թվականին Ելցինի ընտրարշավի ղեկավարներից մեկին եւ ՆՏՎ-ի հիմնադիրներից մեկին»,-ասել է Սոբչակը՝ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Նա նաեւ իր ընտրարշավին միանալու է հրավիրել տնտեսագետներ Վյաչեսլավ Ինոզեմցովին եւ Անդրեյ Մովչանին, ինչպես նաեւ իրավաբան Ելենա Լուկյանովային: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ինոզեմցովը կդառնա Սոբչակի տնտեսական ծրագրի հեղինակը:
Սոբչակը խոստացել է, որ իր նախընտրական արշավի շտաբներ կբացվեն երկրի բոլոր խոշոր քաղաքներում: Նա հայտարարել է բոլոր միլիոնանոց քաղաքներում ելույթ ունենալու, ՌԴ-ի տարբեր տարածաշրջաններ այցելելու մտադրության մասին: