«2019թ. նախօրյակին մեր տասնյակ հազարավոր փոքր և միջին սուբյեկտները դուրս են գալու և պահանջելու են, որ նորից հետ գանք սրան». Միքայել Մելքումյան
Քիչ առաջ մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Գևորգ Պետրոսյանի և Վարդան Բոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ:
Քվեարկությունից առաջ նախագծի հեղինակներից Միքայել Մելքումյանը ներկայացրեց այդ նախաձեռնության կարևորությունը՝ ասելով, թե 2015 թվականից փոքր և միջին շուրջ 60 շրջանառության հարկով աշխատող սուբյեկտների համար շրջանառության շեմը 58.35 միլիոն դրամից բարձրացվեց 115 միլիոն դրամ:
Նրա խոսքով՝ խնդիր էր դրված ամբողջ շղթան փաստաթղթավորել, որի արդյունքում ենթադրվում էր, որ շրջանառություններն աճելու են, բայց, ըստ նրա, երկու տարի հետո կյանքը ցույց է տվել, որ կան սուբյեկտներ, որոնց շրջանառություններն աճել են, ու կա մի մեծ մաս, որի շրջանառությունը չի աճել:
«Կան շատ բացասական ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ այդ չաճելը որշակի լուրջ հիմնախնդիրներ ունի: Գաղտնիք չէ, որ ընդհանրապես ամբողջ երկրում ակտիվությունն իջել է, և շրջանառություններն իջել են, երկրորդն այն է, որ այդ 58 միլիոն դրամը, որ 2008 թվականին ներդրվեց, դա մոտ 200 հազար դոլար էր, իսկ հիմա՝ 100-ից մի քիչ ավել:
Երկրորդ՝ մենք պետք է հնարավորություն տանք փոքր և միջին բիզնեսին, որ նա կարողանա երկարատև կայություն ունենա, եթե մենք հիմա նորից արգելակում ենք, որ 2019 թվականից ինքը նորից իջնելու է, անպայման բացասական սպասումները բերելու է նրան, որ ինքը փորձելու է տեղավորվել այն ստատուս-քվոում, ինչ ունի: Մենք կարծում ենք՝ դրա ժամանակը չէ, երկու տարին շատ քիչ է, պետք է թողնենք, որ տեսնենք՝ 4-5 տարի ոնց է գնում տենդենցը: 2019 թվականի նախօրյակին մեր տասնյակ հազարավոր փոքր և միջին սուբյեկտները դուրս են գալու և պահանջելու են, որ նորից հետ գանք սրան»,- հայտարարեց Մ. Մելքումյանը:
Նշենք, որ գլխադասային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ այս հարցը բավականին մանրամասն քննարկել են հանձնաժողովում:
Նա նկատեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակի վերջում ունեցել ենք 53190 սուբյեկտ, որոնք զբաղվում են շրջանառության հարկի դաշտում, իսկ այսօր՝ 54624.
«Այսինքն՝ խոսքն ընդամենը մի քանի 100-ի մասին է: Բայց ամենակարևորը՝ 58 միլոինից ավել շրջանառությամբ տնտեսվարողների քանակը ընդամենը կազմում է 0.7 տոկոս: Ընդունելով այն, որ միգուցե երկու տարին բավարար չէր, ես նախագծի հեղինակների առաջարկել եմ՝ եկեք հետ կանչեք ձեր օրենսդրական նախաձեռնությունը, մեկ տարի էլ սպասենք, վերլուծություններ անենք, ու միգւոցե այն ժամանակ ավելի համոզված եզարակցությունների հանգենք, բայց մեր գործընկերները հրաժարվեցին, ու մենք ստիպված բացասական եզրակացություն տվեցինք»: