Կապիտալ ապրանքներ. Ինչպես ուրախանալ ներմուծման առաջանցիկ աճով

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 10-ին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ և, ի թիվս այլ թեմաների՝ խոսել նաև այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում արձանագրված ցուցանիշների մասին:

«Ունենք 21 տոկոսի՝ արտահանման, 28.6 տոկոսի ներմուծման աճ, և ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը»,- արտաքին առևտրի մասով նշել էր Կարեն Կարապետյանը: Մինչև առաջ անցնելը՝ նշենք, որ վարչապետի նշած թիվը տարբերվում էր կառավարության ներկայացրած թվից։ Այսպես, կառավարության 1 տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ նշված էր, որ կապիտալ ապրանքների ներմուծումը 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է ընդհանուր ներմուծման ոչ թե՝ 50, այլ՝ 14.9%-ը (տես աղյուսակը)։ Կարեն Կարապետյանը կապիտալ ապրանքների մեջ մտցրել էր նաև միջանկյալ սպառման ապրանքները, որոնց կշիռը 34.6% է։ Միտումը հասկանալի է՝ վարչապետը ցանկացել էր ընդգծել, որ ներմուծման աճը տնտեսական աճին նպաստող զարգացում է։ Սակայն, ամեն դեպքում, կապիտալ ապրանքների տվյալները պետք է առանձին դիտարկել։

Իսկ ինչի՞ համար է կապիտալ ապրանքների ներմուծման աճը համարվում ուրախալի, և ինչո՞ւ է դա հատուկ շեշտվում։

Սկսենք վերջին հարցից։ Ինչպես հայտնի է, արտահանումն այս տարվա առաջին ամիսներին տպավորիչ աճ է գրանցել, սակայն ներմուծման աճն է՛լ ավելի բարձր է։ Հայաստանի արտաքին առևտուրն առանց այն էլ բավականին մեծ բացասական հաշվեկշիռ ունի (ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում)։ Ու եթե ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը, ապա այդ ճեղքվածքը գնալով մեծանալու է։ Իսկ կառավարությունը, ինչպես հայտնի է, խոստացել է, որ առաջիկա տարիներին արտահանման ծավալը կհասնի և կգերազանցի ներմուծման ծավալներին։

Ստացվում է՝ արտաքին առևտրի ներկայիս տվյալները, այս առումով, գոհացուցիչ չեն։ Սակայն ամեն ինչի մեջ կարելի է գտնել մի լուսավոր կետ, ինչը և կառավարության անդամներն արել են արտաքին առևտրի թվերի դեպքում։

Դա հենց կապիտալ ու միջանկյալ ապրանքների ներմուծման աճն է։ Ինչպես նշեցինք, դեռ սեպտեմբերի 13-ին կառավարության 1 տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ հատուկ շեշտվում էր, որ ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:

Իսկ ինչո՞ւ է կապիտալ ապրանքների ներմուծման աճը «լուսավոր կետ»։ Որովհետև կապիտալ ապրանքները (սարքավորումներ և այլն) ներդրվում են տնտեսության մեջ և հետագա տնտեսական աճի հիմքեր ստեղծում։ Կարելի է, իհարկե, տեղում էլ նման ապրանքներ արտադրել, սակայն օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանն առայժմ չի կարող մրցակցել զարգացած երկրների հետ՝ բարձր տեխնոլոգիական մակարդակ ունեցող կապիտալ ապրանքների արտադրության գծով, և հիմնականում պետք է ներմուծի դրանք: Այդ ճանապարհով հնարավոր է կրճատել արտերկրի համեմատ տեխնոլոգիական մակարդակների միջև առկա ճեղքվածքի մեծությունը, դրականորեն ազդել կապիտալի եկամտաբերության ավելացման վրա՝ խթանելով և արագացնելով կապիտալի կուտակման գործընթացը և նպաստելով տնտեսական աճին:

ՀՀ ԿԲ մասնագետների կողմից արված հետազոտություններից մեկի համաձայն՝ առանց արտերկրից ներմուծված կապիտալ ապրանքների, Հայաստանում տնտեսական աճը 34-35 տոկոսով ցածր կլիներ: Նույն հետազոտության մեջ նշվում է նաև, որ 2001-2014 թվականներին կապիտալ ապրանքների շուրջ 66.3 տոկոսը Հայաստան է ներմուծվել 12 երկրներից, իսկ ներմուծման մնացած մասը գրեթե հավասարաչափ բաշխվել է մնացած 22 այլ երկրների միջև: Կապիտալ ապրանքներ ներմուծվել են հիմնականում վեց երկրներից՝ Չինաստան, ՌԴ, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և ԱՄՆ:

Կարճ ասած, եթե ներմուծումն աճել է կապիտալ ապրանքների աճի հաշվին, ապա դա իրոք լավ է, և մտահոգվելու կարիք չկա։ Ընդ որում, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012-2015 թվականների կապիտալ ապրանքների ներմուծումը (բացարձակ թվերով) կայուն կերպով նվազել է։ Այսպես, 2012թ. Հայաստան են ներկրվել 573.2 մլն դոլարի կապիտալ ապրանքներ, 2013-ին՝ 566.3 մլն դոլարի, 2014-ին՝ 536.6 մլն դոլարի, և 2015 թվականին՝ 440.8 մլն դոլարի։ Չնայած ներմուծման ծավալի նվազմանը՝ 2015-ին կապիտալ ապրանքների տեսակարար կշիռն ընդհանուր ներմուծման մեջ աճել է՝ 2014 թվականի 12.8%-ից հասնելով 14%-ի։ Դա պայմանավորված էր 2015 թվականին ներմուծման ընդհանուր ծավալի կտրուկ անկմամբ։

Իսկ ինչո՞ւ ենք սահմանափակվում 2015-ով և չենք անդրադառնում 2016 թվականի ցուցանիշներին։ Որովհետև պաշտոնական վիճակագրությունը 2016 թվականի տվյալները դեռ չի հրապարակել։ ԱՎԾ-ն տարեկան կտրվածքով հրապարակում է արտաքին առևտրի տվյալները՝ ըստ ապրանքների լայն տնտեսական դասակարգման (BEC – Broad Economic Categories)։ Հենց այդ զեկույցում են առանձին ներկայացվում կապիտալ ապրանքների, սպառման և այլ ապրանքների առանձին ցուցանիշները։ 2016-ի տվյալները կհրապարակվեն նոյեմբերին։

Կարելի է ենթադրել, որ կառավարության հաշվետվության մեջ տեղ գտած կապիտալ ապրանքների ներկրման թիվը ԱՎԾ-ի պաշտոնական տվյալ չէ և հաշվարկված է կառավարության պաշտոնյաների կողմից (այսինքն՝ հետո կարող է ճշգրտվել)։

2017 թվականի հունվար-հուլիսին (ըստ կառավարության գործունեության հաշվետվության) կապիտալ ապրանքների կշիռն ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 14.9%։ 2016 թվականի հունվար-հուլիսի տվյալները չկան, սակայն կարելի է հաշվել, որ կապիտալ ապրանքների կշիռն ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 14.4% (241.7 մլն դոլար կապիտալ ապրանքներ՝ 1682.2 մլն դոլար ընդհանուր ներմուծման մեջ)։ Այսինքն, կապիտալ ապրանքների ներմուծման կշիռն աճել է 0.5 տոկոսային կետով։ Ընդ որում, աճել է ոչ թե՝ ներմուծման ընդհանուր ծավալի ներմուծման արդյունքում (ինչպես 2015 թվականին), այլ ընդհանուր աճի։

Սա, իհարկե, դրական միտում է։ Սակայն չի կարելի գերագնահատել կապիտալ ապրանքների ներմուծման աճը և ընդհանուր ներմուծման առաջանցիկ աճը պայմանավորել գլխավորապես կապիտալ ապրանքներով։ Ի վերջո, նույն կառավարության հաշվետվության համաձայն՝ ներմուծման ընդհանուր հավելաճի ընդամենը 16.8%-ն է պայմանավորված կապիտալ ապրանքներով։ Այլ կերպ ասած, եթե կապիտալ ապրանքների ներմուծումն աճած չլիներ, ապա ընդհանուր ներմուծման հավելաճը 28.5%-ի փոխարեն՝ կկազմեր 23.9%, ինչը կրկին ավելի բարձր է, քան արտահանման աճը։

Տեսանյութեր

Լրահոս