Բաժիններ՝

Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

Արցախի սահմանամերձ Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ նախօրեին տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը:

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով կառուցված եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սկզբում օծվել է եկեղեցու Աշոտ Երկաթ թագավորի հայոց բանակին պահապան Սուրբ Խաչի կրկնօրինակ խաչը, այնուհետև եկեղեցին, որից հետո մատուցվել է պատարագ, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն իր շնորհավորական խոսքն ուղղելով ներկաներին՝ կարևորել է այդպիսի աստվածահաճո նախաձեռնությունը՝ կառուցել Աստծո տուն մեր հայրենիքի ազատագրված հատվածներում. «Կամոքն բարձրյալ աստուծո, այսօր մենք ունեցանք ևս մի աղոթավայր, որն առաջինն է ազատագրված մեր պապական Մեխակավան բնակավայրում: Ունեցանք մի սրբավայր, որը պետք է գոտեպնդի մեր զինվորներին՝ առավել հաստատուն լինելու իրենց ծառայության մեջ, որովհետև այստեղից է սկսում նաև քրիտոնեության սահմանը, ինչի կնիքը եղավ նորակառույց այս Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին»,- ասել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Պատարագի ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը կարդացել է ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը, որով եկեղեցու բարերար Գ. Մովսիսյանին շնորհվել է հայ եկեղեցու բարձրագույն Ս. Ներսես Շնորհալի պատվո շքանշանը:

Նշենք, որ արարողությանը ներկա էին ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱԳՏ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, եկեղեցու կառուցման հովանավոր Գ. Մովսիսյանը, Երկրապարահ կամավորականների միության վարչության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս