«Այս իրավիճակում համերաշխության մասին խոսելու տեղ չի մնացել». Քրիստ Մարուքյանը՝ ՀՀԿ-ականներին
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վանաձոր քաղաքում կազմակերպված «Վանաձորի ավագանու ընտրություններից 1 տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մատինյանը բացատրեց, թե ինչպե՞ս է տեղի ունենում Վանաձոր քաղաքի ղեկավարումը, երբ ավագանու մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել նիստերին, մեծամասնություն չկա։
«Օրենքը մեզ հնարավորություն ընձեռում է՝ նիստեր իրականացնելու։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեին նիստերին, սակայն, առայժմ ունենք այն, ինչ ունենք։ Նիստերը տեղի են ունենում, որոշումներն ընդունվում են։ Եթե մյուս խմբակցություններն էլ մասնակցեին, շատ ավելի արդյունավետ կլինեին այդ որոշումները։ Ես անձամբ զգում եմ այդ պակասը։ Բայց ամեն ինչ իր կարգով գնում է, օրենքը թույլ է տալիս։ Օրենքում կան երկիմաստ կետեր, որոնց հիման վրա «Լուսավոր Հայաստանը» դիմել է դատարան, դատարանը որոշումը կընդունի, ամեն ինչ կպարզաբանվի»,- մասնավորապես ասաց Մատինյանը։
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նկատեց՝ օրենքին հղում անելով նիստ գումարելն ունի որոշակի հիմնավորում, բայց լեգիտիմության պակաս կա. «Օրենքի տվյալ կետին հղում անելով՝ հնարավոր է դարձել այս նիստերի գումարումը, որը մինչև նախորդ տարվա ՏԻՄ օրենքի փոփոխությունը հնարավոր չէր։ Այսինքն՝ նախորդ տարվա վերջին տեղի ունեցած փոփոխությունը երկիմաստություն մտցրեց օրենքի կետերի մեջ և հակասություն, որից օգտվելով՝ իշխող կուսակցությունը գումարում է նիստերը։ Բայց խնդիրն այն է, որ մենք այդպես էլ չտեսանք այն մեծամասնությունը, որի միջոցով քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը։ Որևէ մեկը չի վիճարկում՝ արդյոք ընտրվե՞լ, թե՞ չի ընտրվել Մամիկոն Ասլանյանը, այլ վիճարկում են ավելի շատ այն, թե արդյո՞ք այն մեծամասնությունը, որ անհրաժեշտ է ունենալ քաղաքը ղեկավարելու համար, ունի տվյալ իշխող միավորը, որովհետև մենք նաև գործ ունենք երկու կուսակցության համատեղ կառավարման հետ»։
Մարուքյանի կարծիքով՝ եթե նույնիսկ օրենքի երկիմաստությունը հնարավոր է դարձնում այդ նիստերի գումարումը՝ միևնույն ժամանակ դա հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, որովհետև որևէ տեղ որևէ դեպք չկա, երբ չունենալով մեծամասնություն՝ որոշումներ ընդունեն։
«Ավագանու նիստերը գումարվելուց հետո տեսանք, որ ընդունվեց համայնքի բյուջեն այն դեպքում, երբ օրենքը նման կարգավորում չունի։ Օրենքը հստակ ասում է՝ եթե մինչև տարվա սկիզբը տարեկան բյուջեն չի հաստատվում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեով և դրա համամասնություններով։ Այսինքն՝ տարվա կեսից սկսել նիստեր գումարել և հաստատել իրավական ակտ հանդիսացող փաստաթղթեր, դրա իրավասությունը, գոնե օրենքով, հաստատ չուներ այդ ավագանին։ Նմանատիպ քայլերը ցույց են տալիս, որ այդ որոշումների միջև կա լեգիտիմության պակաս»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այդ հակասահմանադրական հարցերը տեսնելով՝ դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի օրենքին հստակ ձևակերպում տրվի։
«Մեր նպատակն այդ ամենը դադարեցնելն ու հստակություն մտցնելն է»,- ասաց նա։
ՀՀԿ խմբավորման ներկայացուցիչներից լրագրողը հետաքրքրվեց՝ քաղաքը կառավարելիս այդ լեգիտիմության պակասի խնդիրն իրենց չի՞ անհանգստացնում։ Ի պատասխան՝ ՀՀԿ-ական Գայանե Քալանթարյանն ասաց, որ, եթե օրենքի մեջ փոփոխությունները թույլ են տալիս, որ ավագանին համարվի լեգիտիմ և իրավունք ունենա նիստեր իրականացնել, ապա օրինականության հարցն այստեղ, ըստ նրա՝ կասկածի տեղիք չպետք է տա. «Այդ առումով՝ քաղաքի կառավարման հարցերում օրենքի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ խոսք, երբ կառավարվում է մեկ ուժի կողմից, որոշումները կարող են ընդունվել այլ կերպ, իսկ մի քանի ուժեր երբ մասնակցում են, որոշումները, հնարավոր է, ավելի արդյունավետ և ավելի ճիշտ լինեն»։
Քրիստ Մարուքյանը նրան հակադարձեց՝ հիշեցնելով նախորդ տարվա այս օրերի «խայտառակությունը», և դրանից հետո իրենց որդեգրած քայլերը. «Այսինքն՝ եթե այն մարդիկ, որոնք իրենց որոշումը փոխել էին, այնքան ազնվություն ունենային, որ կանգնեին-ասեին՝ մենք որոշել ենք մեր դիրքորոշումը փոխել և այս ընտրությունը կատարել, մեզ պարզապես բան չէր մնա անելու, իրավիճակը կհանդարտվեր, և այդ համերաշխությունը կլիներ։ Բայց քանի որ մինչ այժմ չենք տեսնում, փաստորեն, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր իրենց կարծիքը պարբերաբար փոխում են։ Իսկ այս իրավիճակում համերաշխության մասին խոսելու տեղ չի մնացել»։