«Դուք մտածում եք՝ հանկարծ մի ուրիշը փոխվի, պիտի մանանաներ իջացնի՞ երկնքից». Գալուստ Սահակյան

«Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կշարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ հաստատելով, որ խոսքը 2018թ. հետոյի մասին է։

Հարցին՝ Կարեն Կարապետյանը կշարունակի՞ աշխատանքը վարչապետի պաշտոնում, Սահակյանը պատասխանեց. «Ինչո՞ւ եք հենց հիմա ուզում, որ ասեմ, թե ով ինչ պաշտոնում կլինի»։

Ամեն դեպքում, Գ.Սահակյանը կրկնեց նախկինում իր հնչեցրած հայտարարությունը, որ երկրի քաղաքական, տնտեսական ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ նշելով, որ անձամբ Սերժ Սարգսյանի հետ դեռևս չի զրուցել այդ մասին։

Սահակյանի խոսքով՝ երբ ՀՀԿ-ն եկավ իշխանության, երկիրը բյուջե չուներ, բժիշկներն ու ուսուցիչները աշխատավարձ չէին ստանում. «Դուք մտածում եք՝ հանկարծ մի ուրիշը փոխվի, պիտի մանանաներ իջացնի՞ երկնքից։ Ես չեմ ասում, որ ամենալավը Հանրապետականներն են։ Հենց մեզանից լավը առաջանա, կսկեն ղեկավարել իրենք»։

168.am-ի դիտարկմանը, որ ժողովրդավարության էությունը հենց իշխանության փոփոխությունն է, ոչ թե նման պայմանով երկրի ղեկը չզիջելը, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ժողովրդավարության մասին պիտի չմտածեք, որովհետև վերջին տարիներին բոլոր հավաքները, ընդդիմության քայլերը, լրագրողների քայլերը, սրանք բոլորը ժողովրդավարական գործողություններ են, որ կատարում ենք էլի մենք։ Մենք ենք ամեն ինչ ստեղծում, որպեսզի մեր երկիրը ժողովրդավար լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս