«Չգիտեմ՝ ինչի, որոշ մարդկանց պետք է սենսացիաներ անել». Էդվարդ Նալբանդյանը՝ տարածքների հանձնման վերաբերյալ արած իր հայտարարության մասին

«Դուք պետք է նայեք այն պատասխանին, որ ես տվել էի «Ամերիկայի ձայնին» դեռ Նյու Յորքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր կողմից հնչեցրած՝ տարածքների հանձնման մասին հայտարարությանը:

Նրա խոսքով՝ որոշ մեջբերումներ կոնտեքստից դուրս էին հանված. «Ես չեմ խոսել կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի մասին, ես խոսել եմ եռանախագահող  երկրների նախագահների կողմից արված 5 հայտարարություններում պարունակվող 3 սկզբունքների  և 6 տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ՝ մեկ ամբողջություն են ներկայացնում: Ինչպես ՀՀ նախագահն էր նշել իր ելույթում, ես նույնպես նշեցի, որ կարևորագույնն Արցախի կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցերն են, եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածն ածանցյալ են:

Չգիտեմ՝ ինչի, որոշ մարդկանց պետք է սենսացիաներ անել, դրա կարիքը չունենք, մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք, որի արդյունքում մենք ասում ենք՝ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արվող հայտարարությունների  առաջարկությունների հետ, որոնք մենք ընդունել ենք որպես հիմք՝ բանակցությունների, ճանապարհ՝ դեպի հիմնախնդրի կարգավորման, որոնցից Ադրբեջանը հրաժարվում է և անգամ չի ցանկանում որևէ հղում դրանց կատարել»:

 

Տեսանյութեր

Լրահոս