Գյուղատնտեսությունից՝ մինչև տիեզերական ուսումնասիրություններ. մեկնարկել է «ԱրմԹեք» համաժողովը
Երևանում մեկնարկել «ԱրմԹեք» համաժողովը: «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրով «ԱրմԹեք» համաժողովը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ է, որն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի նպատակն է՝ լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել։
«7 ամսում Հայաստանը գրանցել է 35 տոկոս աճ: Այս ցուցանիշը մինչև տարվա վերջ կավելանա: Սա կապված է մի շարք ծրագրերի իրականացման հետ: Բացի այդ, ընդլայնվում են համագործակցությունները միջազգային ընկերությունների հետ: Մեծացել են պայմանագրային հարաբերություններն արտասահմանյան ընկերությունների հետ»,- նշում է Վահան Մարտիրոսյանը:
Ըստ Վահան Մարտիրոսյանի՝ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունենում ոլորտի երկայացուցիչների հետ: Նախարարի խոսքով՝ վերջիններիս հետ հանդիպում է թե՛ ինքը, թե՛ ՀՀ վարչապետը:
Վահան Մարտիրոսյանը նշում է նաև, որ ՏՏ ոլորտի ընկերությունների համար նախատեսվում են ավելի բարենպաստ պայմաններ. խոսքը միայն հարկային արտոնությունների մասին չէ:
«Պարբերաբար քննարկումներ են լինում: Մենք նայում ենք դեպի նոր արտոնությունները, ոչ միայն հարկային: Սակայն մեր միակ նպատակը արտոնությունների տրամադրումը չէ»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարի համաժողովը նվիրված է լինելու կիբեռանվտանգության խնդիրներին: Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ արդեն իսկ մշակվել է կիբեռանվտանգության հայեցակարգ: Նախարարը վտահեցնում է, որ կիբեռանվտանգության տեսանկյունից մենք պաշտպանված ենք, տարվում է համակարգված պայքար:
Ըստ նախարարի՝ «ԱրմԹեք» համաժողովում քննարկվելու են տարատեսակ խնդիրներ՝ գյուղատնտեսությունից մինչև տիեզերական ուսումնասիրություններ:
«ԱրմԹեք’17»-ին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ, և պետական պաշտոնյաներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից, և այլն:
«ԱրմԹեքի» կազմակերպիչները նշում են, որ համաժողովի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար ստեղծել միջազգայնորեն կապեր հաստատելու հնարավորություններ և համայնքային ռեսուրսներ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի, սփյուռքի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային համայնքների միջև գործարար կապերը, ինչը կնպաստի նոր գործարար կապերի, համատեղ ծրագրերի իրականացմանը և ներդրումների ներգրավմանը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Հիմնական գործընկերները՝ «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «ՍոլոԼըրն» ընկերությունները, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, ԱՄՆ ՄԶԳ-ն:
Սիրարփի Աղաբաբյան