Բաժիններ՝

«Հնարավոր է՝ թույլ չտանք՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող մեքենաները շարունակեն իրենց ճանապարհը». Վահան Մարտիրոսյան

«Վերահսկողությունը կա, որն իրականացվում է` սկսած տոմսարկղերից, վերջացրած սահմանային անցակետերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտային տեսչությունը ժամանակ առ ժամանակ հերթապահություններ է իրականացնում սահմանի վրա, հերթական այցեր են անում տոմսարկղերում:

Վ. Մարտիրոսյանն ասաց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարող ընկերություններին, բացի տուգանելուց՝ ուրիշ պատժամիջոցներ այս պահին չեն կարող իրականացնել. «Կազմակերպություններից հիմնականը տուգանվել են: Այն ընկերությունները, որոնք վթարվել են ճանապարհին, այդ ավտոբուսներից բոլորը հիմնականում տուգանված են եղել ժամանակին: Առաջին դեպքը հայտնաբերելու ժամանակ տուգանքը 450 հազար դրամ է, երկրորդի դեպքում՝ 900 հազար: Իհարկե, տուգանքը կարող է չլինել միակ ձևը, որը հնարավորություն կտա վերացնել այդ ուղևորափոխադրումները: Մենք ժամանակի ընթացքում, հնարավոր է՝ դիմենք ավելի խիստ մեթոդների, նույնիսկ թույլ չտանք՝ այդ մեքենաները շարունակեն իրենց ճանապարհը»:

Նախարարը փոխանցեց, որ էլեկտրոնային համակարգ են ներդնում, որպեսզի մաքսատանն էլեկտրոնային բազայով տեսնեն՝ ուղևորափոխադրում կատարողը կանոնավո՞ր է, թե՞ ոչ:

Լրագրողի հարցին, թե ոչ կանոնավորներն ավելի մատչելի՞ են, քան կանոնավորները, և դա՞ է պատճառը, որ մարդիկ դրանցից են օգտվում՝ Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ էական գնային տարբերություն չկա. «Հնարավոր է՝ մի քիչ մատչելի լինեն, բայց մարդիկ իրենց անվտանգությունը պետք է համարեն առաջնահերթ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս