«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հեռանկարներն այսօր ավելի մշուշոտ են, քան էին 2009թ.»

Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային՝ դեռևս 2009 թվականին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ պատրաստ է առոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն:

168.am-ի հետ զրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը խոսելով նախագահ Ս. Սարգսյանի այս քայլի մասին՝ ասաց, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնն ամենահարմար տեղն է քաղաքական այս կարգի հայտարարությունների համար.

«Միաժամանակ հիշենք, որ արձանագրությունները ստորագրվել են այն պայմանով, որ դրանց վավերացումը թուրքական կողմը չի կապելու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Հակառակ այդ փոխհամաձայնեցված նախապայմանի, նախագահ Էրդողանը մշտապես հանդես է եկել ադրբեջանական անհիմն պահանջները պաշտպանելու դիրքերից ու այդ հիմնավորմամբ արձանագրությունների վավերացումն առկախել:

Նաև այս անգամ ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ նա խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Ինքս գտնում եմ, որ պարոն Սարգսյանը 2009 թվականին չպետք է Հայաստանը գցեր հայ-թուրքական հարաբերությունների այսօրինակ «կարգավորման» ճահիճ. բարենպաստ հանգուցալուծման և ոչ մի իրական նախադրյալ չկար այն ժամանակ: Իսկ գործընթացի տապալումը ցույց է տալիս, որ կողմերն այդպիսի նախադրյալ զլացել են ստեղծել նաև անցած այս ութ տարիների ընթացքում»:

Խոսելով Ս. Սարգսյանի այս քայլի հետևանքների մասին՝ Ա. Մելիքյանն ասաց, որ պետք է հասկանալ, որ հնարավոր հետևանքները ոչ թե Ս. Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումից են առաջացել կամ առաջանալու, այլ «առանց գործընթացը պատշաճ կերպով նախապատրաստելու՝ դրա մեջ նետվելու արկածախնդրությունից». «Այս ամենի արդյունքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հեռանկարներն այսօր ավելի մշուշոտ, բացասական են, քան էին 2009 թվականին»:

Ըստ Ա. Մելիքյանի՝ քիչ հավանական է, որ Թուրքիան մինչև գարուն կվավերացնի այդ չարաբաստիկ արձանագրությունները. «Դրա համար պաշտոնական Անկարան ոչ մի առարկայական քաղաքական դրդապատճառ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս