Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը բացվեց ստորագրման համար
Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել միջուկային տերություններից ոչ մեկը, սեպտեմբերի 20-ին բացվել է ստորագրման համար: Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես սեպտեմբերի 19-ին հայտնել են ՄԱԿ-ի Իրավական հարցերի վարչության կոնվենցիաների բաժնում, առաջին իսկ օրը փաստաթղթի տակ ստորագրություններ կդնեն 51 երկրներ: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի այն բանից 90 օր հետո, երբ այն ստորագրեն եւ վավերացնեն 50 երկրներ:
Փաստաթղթի տեքստին համապատասխան՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն կամ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: