«ԱՄՆ-ին այլևս ոչ ոք չի վստահի, եթե նա հրաժարվի միջուկային գործարքից». Ռոուհանի
Աշխարհի ոչ մի երկիր չի վստահի ԱՄՆ-ին, եթե Վաշինգտոնը հրաժարվի Թեհրանի հետ կնքված միջուկային գործարքից: Այս կարծիքը սեպտեմբերի 19-ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Այդ համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալը թանկ կարժենա, քանի որ ԱՄՆ-ի նման գործողությունների հետեւանքը կդառնա այն, որ այլեւս ոչ ոք չի վստահի Ամերիկային,-նշել է նա: Ռոուհանիի խոսքով՝ այդ համաձայնագրի ամեն բառը ուսումնասիրվել է երկրների կողմից, նախքան նրանք վավերացրել ենե փաստաթուղթը: Հարցին՝ Իրանը կկատարի արդյոք միջուկային համաձայնագիրը, եթե Վաշինգտոնը դուրս գա գործարքից, Ռոուհանին բացասական պատասխան է տվել: Նրա խոսքով՝ այդ դեպքում Թեհրանի պարտավորությունները, կդադարեն գոյություն ունենալ: Մենք կարող ենք հեշտությամբ վերադառնալ նախկին պայմաններին, եթե համաձայնագրի մյուս մասնակիցներն ի վիճակի չլինեն կատարել իրենց հանձնառությունները,-ասել է նախագահը:-Բայց դուք լավ գիտեք, որ Իրանը այդ ուղուն վերադառնալու նախաձեռնողը չի լինի:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Թեհրանը, երբեք չի ձգտի միջուկային զենքի ստեղծմանը: Ռոուհանիի խոսքով՝ իրանական միջուկային ծրագիրը, միշտ էլ խաղաղ բնույթ է կրել: Իրանը եւ միջազգային բանակցորդների, վեցյակը 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: